Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է ռուսական կողմի պնդումները, թե ուկրաինական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Ելենովկայի բանտին, որտեղ ուկրաինացի ռազմագերիներ են պահվում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանություններն ավելի վաղ հայտնել են, որ ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի թիրախում է հայտնվել Դոնեցկի Ելենովկա բնակավայրում գտնվող կալանավայրը, ինչի հետեւանքով սպանվել է 47 ուկրաինացի ռազմագերի, 75-ը վիրավորվել է։
Ուկրաինայի գլխավոր շտաբը հրետակոծությունը ռուս զինվորականների սադրանք է որակել։ «Քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության՝ Ուկրաինայի զինված ուժերի ենթադրյալ գնդակոծության մասին նման հայտարարությունները բացահայտ սուտ են եւ սադրանք, որի պատասխանատվությունն ընկնում է ագրեսոր, բռնազավթիչ եւ ահաբեկչության հովանավոր Ռուսաստանի վրա»,- ասված է հայտարարությունում: