Հուլիսի 27-ին ուժեղ կարկտահարության հետեւանքով Օձուն խոշորացված համայնքի Մղարթ եւ Արեւածագ գյուղերում ցանքատարածություններ են վնասվել։ Նախնական հաշվարկներով Մղարթում բերքի 50-60, իսկ Արեւածագում՝ 30-40 տոկոս կորուստ է եղել։ Տեղեկությունն «Ալիք Մեդիա»-ին հաղորդեցին գյուղերի վարչական ղեկավարները։
Մասնավորապես վնասվել են հացահատիկի, եգիպտացորենի եւ կարտոֆիլի ցանքերը։ Երեկ՝ հուլիսի 28-ին, Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության փորձագետներն են Մղարթում եղել՝ գնահատելու վնասը։
«Գյուղը դժգոհ է, միայն երկու հոգի է հաշվարկից գոհ մնացել։ Արեւածագին մոտ հատվածը գյուղի ներքեւի հատված ենք ասում, էդտեղ ջարդածը շատ էր, նորմալ հաշվել են, իսկ մնացածի համար տարբեր պատճառներ են բերում, ասում են՝ մուկն է կերել»,- նեղսրտելով ասաց Մղարթի վարչական ղեկավար Ավագ Մոսինյանը, ապա նշեց՝ հաշվարկի մեխանիզմը գյուղացուն անհայտ է մնում․ մեթոդաբանությունը փորձագետների ձեռքում է։
Իսկ Արեւածագի վարչական ղեկավար Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ փորձագետներն իրենց գյուղ 9-10 օր հետո են գալու։
Մինչ բերքահավաքի պատրաստվող գյուղացիները փորձում են ուշքի գալ նոր արհավիրքից, իսկ համայնքապետարանը նոր վնասներն է հաշվում, Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից տեղեկանում ենք վերջին ամիսներին մարզի բնակավայրերում կարկուտի հետեւանքների մասին։
Լոռու մարզում 2022-ի մայիս-հունիս ժամանակահատվածում կարկտահարությունից տուժել են Լոռի Բերդ, Օձուն, Փամբակ, Սպիտակ, Գյուլագարակ եւ Ախթալա համայնքների 23 բնակավայրեր։ Կարկտահարության հետեւանքով վնասվել է շուրջ 2388 հա հացահատիկի, 555 հա կարտոֆիլի, 298 հա բանջարեղենի, 202 հա պտուղ-հատապտղի, 11 հա հատիկաընդեղենի եւ 10 հա կերային մշակաբույսերի ցանքատարածություններ եւ տնամերձներ։ Վնասների դրամական չափերի վերաբերյալ հաշվարկներն, ըստ անհրաժեշտության, անում է էկոնոմիկայի նախարարությունը։
Ըստ մարզպետարանի տրամադրած տեղեկության՝ տուժած համայնքներում վնասի չափը գնահատելու եւ փոխհատուցում տրամադրելու նպատակով «Արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման» համայնքային հանձնաժողովները կազմել են համապատասխան ակտեր եւ ներկայացրել մարզային նույն կառույցին։ Վերջինն էլ տվյալները հանրապետական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել՝ համապատասխան ընթացք տալու համար։
Իսկ Լոռու մարզպետը համապատասխան գրություններով դիմել է ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարներին։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։