Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է սկսելու հացահատիկի առաքումները։ Նա ընդգծել է, թե Ուկրաինայի համար կարեւոր է համաշխարհային պարենային անվտանգության երաշխավոր մնալը։ Օդեսայի նավահանգստում Զելենսկին շեշտել է, թե մինչ ինչ-որ մեկը, Սեւ ծովն արգելափակելով այլ պետություններից կյանքեր է խլում, Ուկրաինան ապրելու հնարավորություն է տալիս։
«Հենց թուրքական կողմը եւ ՄԱԿ-ը ազդանշան տան, որ պատրաստ են ընդունելու բեռները, ամեն ինչ կսկսվի։ Կարծում եմ՝ այսօր-վաղը կսկսվի»,- ասել է Զելենսկին:
Կիեւն ու Մոսկվան մի շաբաթ առաջ համաձայնագիր են ստորագրել սեւծովյան նավահանգիստներում արգելափակված ուկրաինական հացահատիկի անվտանգ դուրսբերման վերաբերյալ: Ըստ այդմ՝ ուկրաինական հացահատիկն արտահանվելու է Սեւ ծովով երեք՝ Օդեսայի, Չեռնոմորսկի եւ Յուժնիյ նավահանգիստներից, նավերն անցնելու են նախապես համաձայնեցված անվտանգ միջանցքներով: Նավահանգիստներում հացահատիկի բեռնմանը կհետեւեն ՄԱԿ-ի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները։
ՄԱԿ-ը հուլիսի 26-ին հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կվերսկսվի առաջիկա օրերին, եւ դատապարտել է պարենի մատակարարումները վերսկսելու պայմանավորվածությունից ժամեր անց Օդեսա նավահանգստային քաղաքին ռուսական կողմի հասցրած հարվածը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդել է, թե Ստամբուլում ստորագրված հացահատիկի արտահանման պայմանագրերը Մոսկվային չեն արգելում շարունակել «հատուկ ռազմական գործողությունը»՝ ոչնչացնելով ռազմական ենթակառուցվածքները եւ այլ ռազմական օբյեկտներ։ Նա նշել է, թե ՌԴ-ի հրթիռային հարվածները Օդեսայի ռազմական օբյեկտներին չպետք է ազդեն հացահատիկի արտահանումը վերսկսելու համաձայնագրի վրա:
Սպիտակ տունը հայտարարել է, որ հարձակումը կասկածի է ենթարկում համաձայնագրին հավատարիմ մնալու Ռուսաստանի մտադրությունները: