CNN International հեռաուստալիքին տված հարցազրույցում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը անդրադարձել է նաեւ Թուրքիայի հետ ստեղծված իրավիճակին:
«Ես հավատում եմ, որ նեոօսմանյան երեւակայությունները վերակենդանացնելու փոխարեն նախագահ Էրդողանն ավելի լավ կծառայի իր ժողովրդին՝ կենտրոնանալով տապալված թուրքական տնտեսության աշխուժացման վրա»,-ասել է նա:
Էգեյան ծովի կղզիների առնչությամբ Հունաստան-Թուրքիա լարվածությության համատեքստում ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ այսուհետեւ իր համար չկա այնպիսի քաղաքական գործիչ, ինչպիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն է: Էրդողանը խոստացել էր Միցոտակիսի հետ այլեւս չհանդիպել: Հունաստանի վարչապետն ԱՄՆ այցի ժամանակ կոչ էր արել Թուրքիային F-16 չտրամադրել:
Թուրքիան գործընկեր է, որից հնարավոր չէ հրաժարվել
Երկու երկրների միջեւ լարվածությանն է անդրադարձել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Նա մասնավորապես հայտարարել է, որ Աթենքի եւ Անկարայի միջեւ խնդիրները պետք է լուծվեն բանակցային ճանապարհով։ Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների միջեւ ռազմական սպառնալիքներն անթույլատրելի են։
Բերբոքը նշել է, որ Գերմանիան պետք է զարգացնի համագործակցության ոլորտները Թուրքիայի հետ:
«Թուրքիան գործընկեր է, որից հնարավոր չէ հրաժարվել, եւ մեզ մոտ երկիր է։ Երկու երկրների ժողովուրդներն էլ մեկ համատեղ սիրտ ունեն։ Այդ իսկ պատճառով էլ ինձ համար կարեւոր է, որ քաղաքականապես նույնպես էլ ավելի շատ չհեռանանք միմյանցից»,- ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը:
Նախօրեին Գերմանիայի արտգործնախարարը Հունաստանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Միցոտակիսի եւ արտգործնախարար Դենդիասի հետ, իսկ հուլիսի 29-ին՝ Մայրաքաղաք Անկարա գնալուց առաջ Գերմանիայի արտգործնախարարը Ստամբուլում հանդիպելու է իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուին։