ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ 2022-ի առաջին կիսամյակում ՀՀ–ում հանցագործությունների թիվն աճել է 23,3%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է ծանր վիրավորանք հասցնելու, վարորդական իրավունքից զրկված անձի մեքենա վարելու, ինչպես նաեւ թմրամիջոցներին առնչվող հիմնական հանցատեսակների թվի աճով։
Հանցագործությունների 85,7%-ը բաժին է ընկնում ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ։ Նվազել են սպանության եւ դրա փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, բնակարանային գողության, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերը:
«Միեւնույն ժամանակ որոշակի աճել են առողջությանը ծանր վնաս պատճառելու, գողության, տրանսպորտային միջոցներ փախցնելու, յուրացման, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություններ կատարելու դեպքերը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 2,8%-ով աճել է նաեւ հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Հայտնաբերվել է 422 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք: ՃՏՊ-ների թիվը նվազել է 275-ով, զոհերի թիվը՝ 30-ով, վիրավորներինը՝ 509-ով: 2022-ի առաջին կիսամյակում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 921 ծառայողական քննություն. կարգապահական տույժի է ենթարկվել 322 ծառայող։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր Կոմիտեի վարույթում 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական գործերի վիճակագրությունը: