Ընկերներիցս մեկը հարցնում էր, թե հայոց պատմության մասին քիչ թե շատ պատկերացում կազմելու համար ինչ գրքեր կարելի է կարդալ, եւ ընդհանրապես թեմայի վերաբերյալ կան արժեքավոր աշխատություններ։
Հարցի շուրջ երկար մտածելուց հետո եկա այն եզրակացությանը, որ շատ ավելի օգտակար կլինի, եթե հրապարակային պատասխանեմ, քանի որ վստահաբար էլի մարդիկ կգտնվեն, որոնք հետաքրքրված են հայոց պատմությամբ։
Հայաստանում, ցավոք, պատմագիտության շատ մեծ ավանդույթներ չկան եւ չէին էլ կարող լինել։ Դե սակավաթիվ ռեսուրսներով եւ սահմանափակ հնարավորություններով փոքր երկիր է, որտեղ փիլիսոփայական միտքը թույլ է զարգացած, գիտական միջավայրը կայացած չէ եւ այսպես շարունակ։ Պետք է նաեւ արձանագրել, որ հանրային միջավայրում էլ պատմագիտությունից առանձնապես մեծ ակնկալիքներ չկան։
Ընդհակառակը, առանձին խմբեր պատմության ընկալման իրենց յուրօրինակ միջոցներն են հորինել եւ առաջնորդվում են հենց դրանցով։ Ավելի շուտ նրանց ոչ այնքան պատմագիտությունն է հետաքրքրում, որքան պատմության մեջ սեփական աշխարհայացքի եւ կարծրատիպների մեխանիկական փնտրտուքը։ Մեկի համար թուրքը հարատեւ թշնամի է, Ռուսաստանը՝ հավերժ փրկիչ։ Մյուսի համար Ռուսաստանն է Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը եւ նույնիսկ ցեղասպանության առաջնային մեղավորը։ Մեկ այլ խմբի սեւեռման առարկան քրիստոնեությունն է, իբր թե դրա ընդունումից հետո Հայաստանը թուլացավ, իսկ եկեղեցին քայքայեց եւ կազմաքանդեց հայոց պետությունը։ Կա նաեւ հակառակ պնդումը, որի համաձայն՝ հենց եկեղեցին է փրկել հայ ժողովրդին՝ ստանձնելով պետականության գործառույթները։
Ճնշող մեծամասնության համար հայոց պատմությունը հերոսների եւ դավաճանների հերթափոխ է, խաղընթաց, որում առաջիններն անպայման պետք է նահատակվեն, իսկ երկրորդներն ամենաճակատագրական պահին դավաճանեն։ Սա չընդհատվող ընթացք է, որի թելադրանքով հայերի պատմագիտական ընկալումները Վարդանի ու Վասակի պարզունակ ավանդազրույցից այն կողմ չանցան։
Շինծու առաջադեմները ծաղրում են Տիգրան Մեծի «Ծովից ծով» Հայաստանը, իբրեւ թե մեծ հայտնագործություն են անում դրա չգոյությունը արձանագրելով, իսկ հետնախորշում ապաստանածներն էլ ապրում են դրա մասին երազելով։
Այսինքն՝ ով ինչ հույզեր ու մտայնություններ ունի, վերագրում է հայոց պատմությանը՝ արհեստական օրինաչափությունները դիտարկելով որպես պատմական ընթացքի շարժիչ ուժ։ Հատկապես տիրապետող է դրա ուղղությամբ լրագրողական հայացքը, այսինքն՝ կարեւորվում է ոչ թե պատմական ժամանակի համակողմանի եւ համապարփակ հետազոտությունը, այլ պատմության մեջ սենսացիայի որոնումն ու հանրայնացումը։ Սա էլ հաճախ կյանքի է կոչվում այն համատեքստում, իբրեւ թե կղերական կամ էլ բոլշեւիկյան պատմագիտությունը խեղաթյուրել է պատմությունը՝ թաքցնելով ճշմարտությունը ժողովրդից, իսկ իրենք էլ բացում են մարդկանց աչքերը՝ ներկայացնելով իրականությունը։
Ընդհանուր առմամբ հայ պատմագիտության ուղղությամբ քար նետելը ներկայում նորաձեւ զբաղմունք է դարձել։ Այդ սրբազան պարտականությունը հաճախ ստանձնում են նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնց հայոց պատմության իմացությունը ավելին չէ, քան Նժդեհի աֆորիզմներ ու Խորենացու «Ողբից» հատվածներ ցիտելը։
Տիրապետող է նաեւ այն մտայնությունը, թե Հայաստանում պատմագիտություն չկա եւ չի էլ եղել, քանի որ այն գրվել է եկեղեցական, բոլշեւիկյան եւ դաշնակցական իրար հաջորդող ազդեցություններով, ինչի հետեւանքով կեղծվել է ու խեղաթյուրվել։ Բնականաբար գաղափարախոսական միահեծան եւ ամբողջատիրական տիրապետությունը հասարակագիտության ամենամեծ թշնամին է, բայց նույնիսկ այդպիսի ծանրագույն պայմաններում հայ պատմագիտությունը կարողացել է նշանակալի արդյունքներ արձանագրել։
Բնականաբար այդ նվաճումների հիմքում ոչ այնքան ինստիտուտներն ու գիտական ավանդույթներն են, այլ առանձին անհատներ, որոնք գերմարդկային ճիգերով, տաղանդով եւ նվիրումով բավականին մեծ ժառանգություն են թողել մեզ։
Չխորանալով հարցի մանրամասների մեջ եւ սահմանափակվելով այս հակիրճ դատողություններով՝ ուզում եմ ներկայացնել պատմագիտական աշխատությունների այն ցանկը, որը հայ ընթերցողի համար կբացի հայոց պատմության դռները, թույլ կտա պատկերացում կազմել մեր ժողովրդի հազարամյա պատմական ընթացքի առանձնահատկությունների ու զարգացման օրինաչափությունների մասին։
- Նիկողայոս Ադոնց — Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում
- Հակոբ Մանանդյան — Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հատոր Դ
- Լեո — Խոջայական կապիտալ
- Աշոտ Հովհաննիսյան — Նալբանդյանը եւ նրա ժամանակը
- Թադեւոս Ավդալբեկյան — Բահրան ու Մյուլքը 17-18-րդ դարերում (Հայագիտական հետազոտություններ)
- Մաղաքիա արք․ Օրմանյան — Հայոց եկեղեցին
- Գրիգոր Միքայելյան — Կիլիկիայի հայկական թագավորության պատմություն
- Լեւոն Տեր-Պետրոսյան — Խաչակիրները եւ հայերը, հատոր Բ
- Ալբերտ Ստեփանյան — Պատմության հետագիծը
Իհարկե ցանկը կարող էր շատ ավելի մեծ լինել, արժեքավոր շատ աշխատություններ բացակայում են։ Այստեղ կարող էին լինել օտարալեզու՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն աշխատություններ, պարտադիր պետք է ներառվեին նաեւ Մխիթարյան հայրերի՝ Չամչյանի եւ Ալիշանի անգերազանցելի եւ կոթողային աշխատությունները։ Բայց իմ խնդիրը հայագիտության ամբողջական ցանկ կազմելը չէ, այլ մարդկանց համար հասանելի, գրախանութներում առկա, մեր արդիական լեզվով գրված գրքեր առաջարկելն է, քանի որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ Ալիշան եւ ֆրանսերենով գրված հայագիտական հետազոտություններ կարդալ։
Ցանկում ներառված գրքերը իմ համոզմամբ արդեն իսկ դասականի կարգավիճակ ունեն, եւ դրանցից յուրաքանչյուրը առանձին մի ներդրում է բովանդակ հայագիտության մեջ։
Կարծում եմ այս 9 գրքերին ծանոթանալուց հետո անհատն արդեն իսկ կկարողանա դատողություններ անել հայոց պատմության մասին եւ, ինչու ոչ, նաեւ ընկղմվել հայագիտության անծայրածիր տիեզերքի մեջ։
Վերջաբանի փոխարեն ուզում եմ ընդգծել այն իրողությունը, որ անկախ քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական, փիլիսոփայական դժվարություններից ու արգելքներից՝ մեր նախնիները մեզ հսկայական պատմագիտական ժառանգություն են թողել։ Մեզնից պահանջվում է եւս մեկ քար ավելացնել նրանց կառուցած շինության վրա։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։