ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ գազաբալոնների վկայագրման համար արտոնագրված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների գազալցակայաններում լցավորումը օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը։
Նախարարությունը նման որոշում է ընդունել՝ հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաեւ տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարեւորությունը եւ գազաբալոնների վկայագրման գործընթացի արդյունավետ ու պատշաճ կազմակերպումը:
Համակարգում հերթագրված տրանսպորտային միջոցները մինչեւ իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լցավորվելու գազալցակայաններում։
Տրանսպորտային միջոցները գազալիցքավորման կայաններում կարող են լցավորվել՝ ներկայացնելով արտոնագրված ընկերություններում գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը հավաստող փաստաթուղթը, որը պետք է ներառի տրանսպորտային միջոցի համարանիշը, վկայագրման համար սահմանված օրը եւ հաստատված լինի արտոնագրված կազմակերպության կնիքով։
ՏԿԵ նախարարությունը տրանսպորտային միջոցներում տեղադրված գազաբալոնները դեռեւս չվկայագրած տրանսպորտային միջոցների սեփականատերերին հորդորել է հերթագրվել ցանկացած լիցենզավորված կազմակերպությունում։