Լոռու դաշտերում բերքահավաքից առաջ գյուղացիները մտահոգ են։ Հողին պահ տվածն ու սպասվելիք արդյունքը նորից չեն համապատասխանի իրար․ հունիսին չորս անգամ կարկուտ է եկել։ Ցորենի արտերում նաեւ միջատներ են նկատվել։ Ցանքատարածություններն ապահովագրած գյուղացիները շատ չեն նեղվում, հույս ունեն՝ ինչ-որ չափով գոնե փոխհատուցում կստանան։ Իսկ մյուսները փորձում են համակերպվել բերքը կիսով չափ կորցնելու իրողությանը։
Մղարթի բնակիչ Արման Ղազարյանը ո՛չ հողերն է ապահովագրել, ո՛չ էլ պետությունից սուբսիդավորվող սերմացու կամ պարարտանյութ ձեռք բերել։ Դա անելու համար կանխիկ գումար է պետք։ Մինչդեռ գյուղացիներից շատերը մինչեւ բերքը վաճառելը գումարի երես չեն տեսնում։ Ամեն ինչ կազմակերպում են ապառիկով եւ բարձր գին վճարելով։ Ու սպասում են։
«Շատ մարդիկ կան, որ վարկը վերցնում են, ցանում, էլի սենց կարկուտ ա գալիս, չեն էլ կարողանում վարկը փակեն։ Ի՞նչ օգնություն, օգնությունն էն ա, որ փող ունենաս, ապահովագրես։ Չունես, ուրեմն ոչ մեկից բան չպետք ա սպասես»,- ասում է Արմանը, ապա ցույց տալիս ջարդված հասկն ու բացատրում՝ գլխամասն ամբողջությամբ փուչ է, այսինքն՝ հասկի կեսն է բերք տալու։
Նրա ասածը հաստատում են համագյուղացիները՝ բերքի քանակն, անշուշտ, կրճատվելու է։
«Ծախսերն ու ստացածն իրար չեն բռնում, ցորենի կիլոն 250-300 դրամով ենք առել։ Հարյուր տոկոս բերքից մի 50-60 տոկոսը կմնա։ Միջատները ցողունը փչացնում են, տակից կտրում, հասկը պոկվում ա, վեր ընկնում։ Օգոստոսին ենք հնձում, մինչեւ էդ երեւի կշատանան։ Դեղ, բան չկա, չենք տալիս»,- պատմում է Սամվել Դալլաքյանը։
Բայց Մղարթում ոչ բոլոր արտերում են միջատներ նկատվել։ Երեւույթը համատարած չէ, ուստի համայնքապետարանը, մեկ-երկու դեպքով պայմանավորված, մասնագետների չի հրավիրել։ Իսկ ընդհանրապես նման խնդիր կարող է առաջանալ տարբեր պատճառներով։
«Դաշտերի հետ կապված տարատեսակ հիվանդություններ կան։ Կարող է ցանքաշրջանառությունը ճիշտ չի արվել, կամ սերմացուն ձմռանը ճիշտ չի պահվել, վարակվել է եւ այլն։ Եթե բռնկում է լինում, դա անհանգստանալու տեղիք է տալիս։ Դեղերի խնդիր չունենք հիմա, ուղղակի հասկանալ ա պետք, թե ինչից կարող ա լինել, ինչ պետք ա անել, որ հետեւանքները վերացնենք»,- պարզաբանում է Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը, ապա նշում՝ կարկուտի հետեւանքները ներկայացրել են մարզպետարան, պիտի սպասեն՝ փոխհատուցման ձեւով ինչ-որ բան կլինի՞, թե՞ չէ։
Անդադար սպասում, վնասներ, հաշվարկներ
Օձունի ենթաշրջանի գյուղերում հատկապես հունիսյան կարկտահարություններից գրեթե բոլոր արտերին եւ այգիներին բաժին է հասել։ Օձունի բնակիչ Խաչիկ Հովասափյանն ամեն տարվա պես զգալի ներդրումներ է արել՝ սերմացուից մինչեւ հողերի ապահովագրություն։ Ու ոչ թե պետական աջակցության է սպասում, այլ ապահովագրական ընկերությունների փոխհատուցմանը։
«Միլիոններ ենք լցնում հողի մեջ: Երեք միլիոն վարկ եմ վերցրել, ու արդեն վերջացել ա էս դաշտերի վրա։ Սերմացուն անցած տարվա համեմատ կրկնակի թանկացել ա, լոբու օրինակով ասեմ. կիլոն 800-1000 դրամ էր, էս տարի արդեն՝ 1500։ Ցորենն ու կարտոշկեն ապահովագրած ա, բայց տվել ա ցորենի գլխին, կես արել։ Դա արդեն փուչ ա, հատիկ չկա, չմշկելու ա։ Ու եթե, օրինակ, հեկտարից 5 տոն ցորեն պետք ա լիներ, հիմի երեւի մի 3,5 տոն կլինի»,- բացատրում է տուժած գյուղացին։
Բայց գյուղացու «պայքարը» միայն բնության դեմ չէ։ Ցանկացած գործում, ասում են, խնդիրների են բախվում։ Սերմեր մի տարի տրամադրում են, հաջորդ տարին՝ ոչ։ Պարարտանյութի գումարը նախապես են վճարում, հետո երկու ամիս սպասում։ Մինչդեռ, ասում են, ցանքսը չի կարող սպասել։ Եվ ժամկետները խախտվում են։ Այն մարդիկ, որոնք վճարունակ են, այլ տեղից պարարտանյութ են գնում։ Մյուսները ճարահատյալ էլի են սպասում՝ առանց հողին մի գրամ պարարտանյութ տալու։
«Գյուղացիների մեջ կռիվ ա ընկնում, էնքան են ուշացնում ու մաս-մաս բերում։ Ես ստացել էի, ինձնից խնդրում էին, տալիս էի, հետո երբ ինձ էր պետք, չէին կարողանում հետ տալ, դեռ բերած չէին լինում»,- մեկ այլ իրավիճակ է ներկայացնում Խաչիկ Հովասափյանը։
Ապահովագրություն՝ մեկ քայլ առաջ
2019 թվականի սեպտեմբերից Հայաստանում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիր, որն իրականացնողը «Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալություն» հասարակական կազմակերպությունն է։ Կազմակերպությունը հիմնադրել է Հայաստանի կենտրոնական բանկը։ Անդամ կազմակերպություններ են ապահովագրական երեք ընկերություններ, որոնք առաջնորդվում են բացառապես նշված գործակալության կազմած մեթոդաբանությամբ։
Գյուղապահովագրության ծրագրով ապահովագրության ենթակա մշակաբույսերն են ծիրանը, խաղողը, դեղձը, խնձորը, աշնանացան եւ գարնանացան հացահատիկը (ցորեն, գարի, վարսակ), կարտոֆիլը, սալորը, ձմերուկը, սեխը, բալը եւ կեռասը։
Կարկուտ, հրդեհ, գարնանային ցրտահարություն․ միայն այս ռիսկերի դեպքում է գյուղացին վնասի փոխհատուցում ստանում։ Այլ գործոնների ազդեցության հետեւանքով բերքին հասցված վնասը ենթակա չէ հատուցման։
«Լավ բանի» մեջ թաղված շան գլուխ
Օձուն խոշորացված համայնքում հողերի ապահովագրության գործով Մղարթի վարչական ղեկավար Ավագ Մոսինյանն է զբաղվում, աշխատում է ապահովագրող բոլոր ընկերությունների հետ։ Գյուղացին է ընտրում՝ որ ընկերության հետ պայմանագիր կնքի։ Ամբողջ գործընթացը տեղում կազմակերպում են, վճարումներն անում, եւ պայմանագիրն ուժի մեջ է մտնում։
Ի դեպ, Օձունի տարածաշրջանում գյուղացիները հիմնականում հացահատիկն ու կարտոֆիլն են ապահովագրում։ Հացահատիկի ապահովագրությունը մեկ հեկտարի համար 4 հազարից մինչեւ 12 հազար դրամ է արժենում, իսկ կարտոֆիլի դեպքում՝ 40 հազարից մինչեւ 120 հազար։ Ապահովագրավճարը պետությունը սուբսիդավորում է գարնանային ցրտահարությունից ապահովագրման դեպքում 60, իսկ կարկուտից եւ հրդեհից ապահովագրման դեպքում՝ 50 տոկոսի չափով։
Մոսինյանի կարծիքով՝ ապահովագրությունը «լավ բան» է, եւ տարեցտարի հօգուտ գյուղացու բացթողումները շտկվում են։ Նախկինում, օրինակ, վնաս կրելու դեպքում գյուղացին գործակալություն կարող էր դիմել ընդամենը 24 ժամում, հիմա՝ հնգօրյա ժամկետում։ Նախկինում փորձագետի կրկնակի, եռակի այցելությունը վճարովի էր, հիմա՝ անվճար։
Ինչպես պարզվում է, «հօգուտ գյուղացուն»-ը տեխնիկական նման հարցերում է միայն։ Վնասի հաշվարկման ժամանակ սկսվում է կոնֆլիկտը։
«Էն, որը հասկից ա տվել, ջարդել, այսինքն՝ ցողունի վրայից պոկվել է գլխիկը, էդ վնաս ա հաշվվում, իսկ եթե հասկադիրի ծայրից թռցրել ա, 40 տոկոս տարել, ասում ա՝ դա առողջ բույս ա։ Ասում եմ՝ չէ, ես 40 տոկոս արդեն կորցրի, դե ասում ա՝ մեր գործակալության մեթոդաբանությամբ դա առողջ բույս ա։ Բայց եթե ես կորցնում եմ, ո՞նց ա առողջ։ Կարկուտից առաջին հարվածը հասկն ա ընդունում, ոչ թե ցողունը, ու մեծ մասամբ հասկն ա վնասվում, մեկի մոտ 30, մյուսի մոտ 50-60 տոկոս, ու էդքան հատիկն արդեն կորավ»,- բացատրում է Մղարթի վարչական ղեկավարը։
Նա մի քանի անգամ դիմել է նշված գործակալությանը մեթոդաբանության մեջ փոփոխություններ անելու առաջարկով։ Ըստ Ավագ Մոսինյանի՝ հենց այդ մեթոդաբանության մեջ է «թաղված շան գլուխը»։
Կարկուտը ծեծած տեղն է ծեծել
Հուլիսի 27-ի երեկոյան Մղարթում կրկին ուժգին կարկուտ է եկել։ Հացահատիկի, եգիպտացորենի եւ կարտոֆիլի ցանքատարածություններն, ըստ վարչական ղեկավարի, ուղղակի ավերվել են։ Բերքի 50-60 տոկոս կորուստ ունեն։ Գյուղատնտեսությունն ապահովագրողների գործակալությունից այսօր Մղարթ փորձագետներ են եկել՝ վնասները հաշվարկելու։ Ի դեպ, ծրագրով եգիպտացորենն ապահովագրման ենթակա մշակաբույս չէ։
Ավագ Մոսինյանը «Ալիք Մեդիա»-ին հեռախոսով ասաց՝ առաջվա նման փափուկ չեն լինելու։ Եթե հաշվարկն ու փոխհատուցման չափն իրենց սրտով չեղավ, դիմելու են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ։
Փաստորեն բերքն ապահովագրած գյուղացիները, որ տասը տոկոսն են կազմում, ամռան կարկտահարության բազմաթիվ դեպքերից հետո կրած վնասների համար մի բան գոնե կստանան։ Իսկ մյուսներն ամեն տարվա պես պետության աջակցությանը կսպասեն եւ ձեռնունայն կմնան։ Տարիների փորձն է ցույց տվել՝ պետական կառույցները միայն հաշվարկներ են անում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։