ԱՄՆ Պետդեպն օրերս ըստ էության ձախողված է համարել 2018-ի թավշյա հեղափոխության գլխավոր նպատակը՝ կոռուպցիայի դեմ պայքարը։ Պետդեպը հայտարարել է, որ «կոռուպցիան շարունակում է խոչընդոտ լինել Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար, ներդրողները պնդում են՝ չկա թափանցիկություն»։ Ավելի քան 4 տարի է անցել հեղափոխությունից։
Մեզ թվում էր, թե Փաշինյանին այնպիսի մի լեգիտիմություն է տրված, որ նա գոնե կոռուպցիան կվերացնի դամոկլյան սրով։ Դա տեղի չունեցավ։ Ու որ ամենասարսափելին է, կարող է ընդհանրապես տեղի չունենալ, որովհետև Փաշինյանի իշխանությունը մի քիչ ավելի է մոտեցել տոտալիտարիզմին, քան ժողովրդավարությանը։ Ինչո՞վ է տոտալիտարիզմը տարբերվում ժողովրդավարությունից։ Տոտալիտարիզմի ժամանակ որքան վատ ժողովրդի համար, այնքան լավ իշխանության համար։ Ժողովրդավարության դեպքում հակառակն է։
Իշխանության հաճույքներն այնքան բացահայտ են սոցիալական գրեթե անելանելի վիճակի նկատմամբ, որ հասկանում ես՝ սա չի կարող չտանել կոռուպցիայի։ Որովհետև կյանքը վատանում է, իսկ իշխանություն կորցնելն անթույլատրելի է։ Աղքատներն են եկել իշխանության ու հիմա սեփականության վերաբաժանում են անում՝ մեկին մեկ կրկնելով Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության քմահաճույքներն ու սխալները։
Ինչ ասես արժե Ավանում պղնձաձուլարան կառուցելու նախագիծը։ Թվում է, թե այդ ձուլարանը կառուցելու թույլտվության հրահանգն ուղղակիորեն Ադրբեջանի իշխանություններից է, կամ գոնե նրանք դրա մեջ փայ ունեն։ Որովհետեւ միայն թշնամու մտքով կարող էր անցնել։ Կարո՞ղ է Փաշինյանը կանգնեցնել այդ պղնձաձուլարանի կառուցումը։ Իհարկե կարող է։ Ինչո՞ւ չի կանգնեցնում։ Որովհետեւ փաստաթղթերով ամեն ինչ օրինական է։ Իսկ ձեզ չի՞ թվում, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էր փաստաթղթերով ամեն ինչ օրինական։ Նույնիսկ մարտի 1-ն էր փաստաթղթերով օրինական՝ հայտարարում ես, որ ժողովուրդը կրակում է ոստիկանների վրա ու գնդակահարում մարդկանց։
Կոռուպցիան ծնվում է, երբ հասկանում ես, որ օրինականությունն ավելի թանկ հաճույք է։ Կոռուպցիան իր անիմաստությունը խոստովանած օրինականությունն է։ Եվ եթե ԱՄՆ Պետդեպը հեղափոխությունից չորս տարի հետո ասում է՝ դուք հեղափոխության գլխավոր լոզունգը տապալել եք, ի՞նչ է մնում անել Փաշինյանին։ Պարզ է՝ ավելացնել հարստանալու տեմպերը։
Իսկ որպեսզի իշխանությանը ոչինչ չսպառնա, Քոչարյանի ուրվականը պետք է պահել կենսունակ։ Որպեսզի երբ ժողովուրդը փորձի ոտքի կանգնել, հիշի, որ այլընտրանքը Քոչարյանն է։ Այսինքն՝ աղքատ, թալանված ու սոված կապրենք, բայց Քոչարյանին չենք վերադարձնի։ Ու սա մեկ ձևակերպմամբ նշանակում է՝ կոռուպցիան մեր ընտրությունն է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: