Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հուլիսի 31-ին հայտարարել է, որ Կոսովոյում եւ Մեթոհիայում սերբերի համար բարդ իրավիճակ է ստեղծվել․ Կոսովոն որոշել է օգոստոսի 1-ից անվավեր ճանաչել սերբական փաստաթղթերը։ Պրիշտինայի իշխանությունները հուլիսի 29-ին մասնավորապես հայտարարել են, որ օգոստոսի 1-ից Սերբիայից անձը հաստատող փաստաթղթով Կոսովո մուտք գործել ցանկացող քաղաքացիները պետք է երեք ամիս ժամկետով երկրից ելումուտի համար հատուկ փաստաթուղթ ստանան։
Հավաստագիրը տրվելու է ցամաքային սահմանը հատելիս, ինչպես նաեւ օդանավակայանում։ Ըստ որոշման՝ սերբական պետհամարանիշներով մեքենաների վարորդները երկիր մուտք գործելու համար պետք է վերագրանցեն համարանիշները։
Կոչ է արել չխախտելու խաղաղությունը տարածաշրջանում
Այդ որոշման դեմ բողոքի ցույցեր էին կազմակերպվել: Նոր սահմանափակումները հիմնականում անդրադառնալու են Կոսովոյի հյուսիսի՝ հիմնականում էթնիկ սերբերով բնակեցված Միտրովիցա քաղաքի քաղաքացիների վրա:
Սերբիայի նախագահը միջազգային հանրությանը եւ Պրիշտինայի իշխանություններին կոչ է արել չխախտել խաղաղությունը տարածաշրջանում՝ հակառակ դեպքում խնդիրը հարկավոր կլինի լուծել ռազմական եղանակով։
Սերբական փաստաթղթերի չեղարկումը հետաձգելու պահանջով հանդես է եկել ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենիերը Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի եւ վարչապետ Ալբին Կուրտիի հետ հանդիպման ժամանակ։
ԵՄ-ն ակնկալում է, որ բոլոր ուղեփակոցներն անմիջապես կհանվեն
Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունը, որի անկախությունը Սերբիան չի ճանաչել, Միացյալ Նահագների կոչից հետո մեկ ամսով հետաձգել է սերբական համարանիշներով ու փաստաթղթերով մեքենաների եւ մարդկանց մուտքի արգելքը, երբ բարիկադները վերացվեն եւ Կոսովոյի հյուսիսում վերականգնվի տեղաշարժի ազատությունը։
Միջազգային մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով։ Ըստ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի թվիթերյան գրառման՝ ԵՄ-ն ակնկալում է, որ բոլոր ուղեփակոցներն անմիջապես կհանվեն։
Բորելը հավելել է, որ բոլոր բաց հարցերը պետք է լուծվեն ԵՄ-ի միջնորդությամբ երխոսության շրջանակներում եւ նպատակաուղղվեն Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների համակողմանի կարգավորմանը, ինչն անհրաժեշտ է ԵՄ-ին նրանց ինտեգրացման համար։
Որքան էլ դժվար լինի, չենք հանձնվի, եւ Սերբիան կհաղթի․ Վուչիչ
Ավելի վաղ Սերբիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Կոսովոյի եւ Մեթոհիայի տարածք ռազմական ուժերի տեղակայման մասին լուրերը եւ կոչ է արել ապատեղեկատվություն չտարածելու։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ լարվածության թուլացում է ակնկալում Կոսովոյում, ու Բելգրադը, ըստ նրա, հնարավոր ամեն ինչ կանի դրա համար: Վուչիչը հուլիսի 31-ի գիշերը այցելել է գլխավոր շտաբ, որտեղ Կոսովոյում սրման պայմաններում հանդիպել է Սերբիայի բանակի հրամանատարության հետ:
«Մենք աշխատում ենք թուլացնել լարվածությունը, անում ենք ամենը, ինչ կարող ենք եւ ինչպես կարող ենք, դա մեզ համար ամենակարեւորն է։ Որքան էլ դժվար լինի, չենք հանձնվի, եւ Սերբիան կհաղթի»,- ընդգծել է Վուչիչը։