Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, երկրի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Թեհրանն ունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ, սակայն նման հարց իշխանությունների օրակարգում չկա։
Ըստ Իրանի փոխնախագահի՝ միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները հիմքեր չունեն:
Իրանի հետ միջուկային բանակցությունները կվերսկսվե՞ն
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը չի բացառում մոտ ապագայում Իրանի միջուկային ծրագրի ճակատագրին նվիրված բանակցությունների նոր փուլի անցկացումը։ Ըստ նրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է օգնել համաձայնության հասնելու։
Նախօրեին իրանական պատվիրակության ղեկավար Ալի Բաղերի Քանին ընդգծել էր, որ պաշտոնական Թեհրանը հանդես է եկել նոր առաջարկներով, որոնք կարող են ճանապարհ հարթել Վիեննայում ընթացող բանակցությունների վերսկսման համար։
«Պատրաստ ենք բանակցություններն ավարտելու սեղմ ժամկետներում, եթե, իհարկե, հակառակ կողմը նույնանման պատրաստակամություն հայտնի»,- նշել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը բրիտանական Time ամսագրում հրապարակած իր հոդվածում նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է միջուկային պետության:
Բարաքը գրել է, որ Իրանին միջուկային գերտերություն դարձնելուն խանգարելու փորձերը չափազանց թույլ են եւ, ամենայն հավանականությամբ, դատապարտված են տապալման:
Իրանին թույլ չի տրվի ստանալու միջուկային զենք․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ համատեղ մշակել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) լիակատար վերադարձի նախագիծ, որպեսզի Իրանին թույլ չտրվի ստանալ միջուկային զենք: