«Դուք Աքքույուն դեռ համարում եք Թուրքիայի՞ ատոմակայանը։ Ըստ իս՝ պետք չէ»,- հուլիսի 31-ի իր թողարկումն այսպես է սկսում թուրք լրագրող, վերլուծաբան Մուրաթ Եթքինը։ Իսկ հրապարակման գլխագիրն է՝ «Մինչ Էրդողանը կգար, Պուտինն Աքքույու ատոմակայանն իր ձեռքը վերցրեց»։
Հուլիսի 29-ին ՌՈՍԱՏՈՄ ընկերությունը, որը Մերսինի նահանգում կառուցվող Աքքույու ատոմակայանի խոշոր սեփականատերն է, Թուրքիայի համար անսպասելի խզել է պայմանագիրը թուրք գործընկեր IC İçtaş շինարարական կազմակերպության հետ ու պայմանագիր կնքել նոր, առաջին հայացքից մեկ այլ թուրքական ընկերության հետ։
Թուրք լրագրողի հրապարակած փաստաթղթերից պարզվել է, որ նոր TSM Energy, Construction ընկերության կենտրոնական գրասենյակը Մոսկվայում է, իսկ սեփականատերերը ռուս են։ Այսինքն` ատոմակայանի բաժնետերերի ցանկում այլեւս ոչ մի թուրքական ընկերություն չկա։ Մուրաթ Եթքինի պնդմամբ այլեւս չպետք է Աքքույուն անվանել Թուրքիայի առաջին ատոմակայանը, փոխարենը պետք է ասել՝ Թուրքիայի տարածքում գտնվող առաջին ատոմակայան։
Բացի այդ՝ թուրք վերլուծաբանը շեշտում է, որ ըստ 2010 թվականին ատոմակայանի կառուցման մասին Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրի՝ շինարարությունը կարվի «Build-Own-Operate» մոդելով։ Իսկ սա նշանակում է, որ անգամ տարիներ անց չի նախատեսվում ատոմակայանը հանձնել Թուրքիայի շահագործմանը, ավելին՝ սրանից Թուրքիայի պետական բյուջե գումար չի գնում։
Թուրքիան նաեւ երաշխավորում է, որ ատոմակայանի առաջին երկու տուրբինի արտադրած էլեկտրաէներգիան գնելու է 15 տարի շարունակ՝ 1 կիլովատտ-ժամի համար վճարելով 12.35 ցենտ։ Իսկ սա գրեթե կրկնակի թանկ է Թուրքիայում այսօր առանց այն էլ թանկ վաճառվող էլեկտրաէներգիայի արժեքից։ Եթքինը հիշեցնում է, որ լիրայի անդադար արժեզրկման հետեւանքով էլ այս թիվը հետզհետե ավելի է աճելու, ու վնասը կրկին կրելու է Թուրքիայի քաղաքացին։
Մինչդեռ, ըստ վերլուծաբանի, Էրդողանը կարծում էր, թե Պուտինի հետ օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք իր հանդիպումից վերադառնալու էր Ռուսաստանի կողմից պետական բյուջե բերվող 10-15 միլիարդ դոլար պարգեւավճարի լուրով։ Ու երեւի հայտարարելու էր, որ Թուրքիան ու Ռուսաստանն այսուհետ լիրայով ու ռուբլիով են աշխատելու, որպեսզի ԱՄՆ դոլարի տատանումներից այլեւս վնասներ չկրեն ու SWAP միջազգային համակարգից դուրս գան։
«Ի վերջո Սոչիում ի՞նչ է քննարկվելու՝ ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինա-Ռուսաստան հացահատիկի միջանցքի վերաբերյալ համաձայնագի՞րը, ինչպես հաղորդել է Ռուսաստանը, թե՞ Սիրիայում քրդական ուժերի դեմ Թուրքիայի ծավալած գործողությունները, ինչպես ասում է Էրդողանը։ Կխոսե՞ն արդյոք Աքքույու ատոմակայանի շուրջ ծավալվող վերջին զարգացումներից, թե՞ զենքի առեւտրի նոր համաձայնագիր կկնքեն։ Դեռ ոչինչ պարզ չէ, բայց պատկերն այսպիսին է»,- եզրափակում է Եթքինը։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը