ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Օդեսայի նավահանգստից հացահատիկով բեռնված առաջին առեւտրային նավի դուրս գալը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ առաջին նավը կդառնա հացահատիկի բազմաթիվ փոխադրողներից մեկը՝ ստորագրված նախաձեռնությանը համապատասխան, որը, նրա կարծիքով, անհրաժեշտ կայունություն եւ ամրապնդում կբերի պարենային անվտանգությանը:
Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունում հայտնել էին, որ 26 հազար տոննա եգիպտացորեն տեղափոխող առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից եւ ուղեւորվում է Լիբանան:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը եւ Թուրքիայի ՊՆ-ն եւս հայտարարել էին, որ Ստամբուլում ստորագրված «հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնության շրջանակում հացահատիկով բեռնված 1-ին՝ Սիերա Լիոնեի դրոշով Razoni անվանումով նավը նախ կմոտենա Ստամբուլի ափերին, որտեղ համապատասխան ստուգումներից հետո միայն կուղեւորվի Լիբանան:
«Փաստաթղթի շրջանակում հացահատիկ փոխադրող այս առաջին նավից հետո սահմանված միջանցքի եւ ընթացակարգերի շրջանակում նախատեսվում է նաեւ այլ նավերի մեկնում»,- ասված է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ:
Ստամբուլում հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները համաձայնագրեր են ստորագրել ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու եւ ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին։