Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չճանաչված Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը միանշանակ աջակցում է Սերբիային։
Ըստ Պեսկովի՝ Մոսկվան անհիմն է համարում Կոսովոյի իշխանությունների պահանջները երկրամասի հյուսիսում բնակվող սերբերի նկատմամբ։ Կրեմլի խոսնակը համոզմունք է հայտնել, որ Կոսովոյի անկախությունը ճանաչած արեւմտյան երկրները պետք է Պրիշտինայի իշխանություններին հետ պահեն չմտածված քայլերից։
Պեսկովը նաեւ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցության հարց օրակարգում չկա։ «Օրակարգում նման հարց չկա։ Սերբիայի հետ մեզ միավորում են դաշնակցային, շատ անկեղծ եւ խոր հարաբերություններ, եւ դրանք, անշուշտ, պետք է զարգանան։ Թե ապագայում արդյոք կլինի նման հարց, այժմ չեմ կարող ասել»,- շեշտել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային անվտանգության ուժերի հրամանատարությունը հայտարարել էր, որ Կոսովոյի կայունությանը վտանգ սպառնալու դեպքում պատրաստ է միջամտելու Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ սահմանային հակամարտությանը: