Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պետական այցով Ղազախստան կմեկնի:
«Հռոմի պապը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրավերով Ղազախստան կայցելի սեպտեմբերի 13-15-ը»,- ասված է հաղորդագրությունում։
Այցի շրջանակում քահանայապետը հանդիպումներ կունենա Ղազախստանի բարձրագույն ղեկավարության հետ, կմասնակցի համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների VII համագումարին:
Ավելի վաղ Հռոմի պապը հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ ծնկների վիճակի պատճառով ստիպված կլինի սահմանափակել իր ուղեւորությունները:
Ըստ իտալական լրատվամիջոցների՝ Հռոմի պապը արթրոզ ունի, որը խանգարում է նրան լիարժեք մասնակցելու եկեղեցական արարողություններին: Այդ պատճառով նա ստիպված է սայլակով տեղաշարժվել։
«Չեմ կարծում, որ կկարողանամ նույն տեմպով շարունակել ուղեւորությունները։ Իմ տարիքում եւ այդ սահմանափակմամբ պետք է խնայեմ ինձ, որպեսզի ծառայեմ եկեղեցուն,- ասել է Հռոմի պապը։