Ըստ գերմանական Funke պարբերականի՝ Գերմանիայի համագործակցության եւ զարգացման գործերով նախարար Սվենյա Շուլցեն հայտարարել է, որ աշխարհում սովի դեմ պայքարի նպատակով Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի մարտին խոստացված 430 միլիոն եվրոյի փոխարեն:
«Այդ միջոցները զարգացող երկրներին հնարավորություն են ընձեռում դառնալու ավելի անկախ»,- շեշտել է նախարարը։
Շուլցեն նշել է, որ միջոցները կուղղորդվեն այնտեղ, որտեղ դրանց կարիքը մեծ է, մասնավորապես երաշտից տուժած երկրներ՝ Քենիա, Սուդան եւ Եթովպիա:
Ենթադրվում է, որ աջակցություն ցույց կտրվի նաեւ կլիմայի փոփոխությունից եւ զինված հակամարտություններից խիստ տուժած երկրներին, մասնավորապես Սահելի տարածաշրջանին եւ Մերձավոր Արեւելքի երկրներին:
Միջոցների բաշխումը կկատարվի ՄԱԿ-ի հովանու ներքո գործող հումանիտար կազմակերպությունների միջնորդությամբ։