Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետեւում է Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի տառին եւ ոգուն: Պուտինը հավաստիացրել է, որ համապատասխան սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ կնքված երկկողմ համաձայնագրերով ռուսական կողմն իր պարտավորություններն ամբողջությամբ կատարել է։
«Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, եւ այն երբեք չպետք է սանձազերծվի: Մենք հանդես ենք գալիս հավասար եւ անբաժանելի անվտանգության օգտին համաշխարհային հանրության բոլոր անդամների համար»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
Օգոստոսի 1-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստ է Մոսկվայի հետ անհապաղ քննարկելու սպառազինությունների վերահսկման նոր համակարգը, որը կփոխարինի ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին (СНВ-3)։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2026-ին։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ նույնիսկ Սառը պատերազմի գագաթնակետին ԱՄՆ-ն ու Խորհրդային Միությունը կարողացել են միասին աշխատել հանուն ռազմավարական կայունության ապահովման։ Բայդենն ակնկալում է, որ Մոսկվան պատրաստ կլինի վերսկսելու աշխատանքը:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն ՌԴ զինուժի՝ Ուկրաինա ներխուժումից հետո երկխոսությունն ընդհատվել էր։