ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտել են, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Երեւանում տարածաշրջանային եւ եվրոպական անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ փոխարտգործնախարարներ Պարույր Հովհաննիսյանի եւ Վլադիմիր Գեւորգյանի հետ։
Ռուսաստանցի պաշտոնյային ընդունել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Եվրոպայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ ՀՀ–ի եւ ՌԴ–ի հարաբերությունների, ԵԱՀԿ-ում փոխգործակցության եւ Եվրախորհրդում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր։
Կողմերը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9/10-ի, հունվարի 11-ի եւ 2021-ի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը՝ կապված տարածաշրջանում խաղաղության պահպանման եւ կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ տնտեսական կապերի հաստատման հետ։
Երկու կողմերն էլ հաստատել են այդ հարցերի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու պատրաստակամությունը։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժն ու փորձն օգտագործելու կարեւորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան: