Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայի չորրորդ տուրում խաղացել է Ավստրիայի թիմի հետ եւ մրցությունն ավարտել ոչ-ոքի (2:2) արդյունքով։
Միակ միավորը հայկական թիմին բերել է Հրանտ Մելքումյանը։ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտվել է մրցակցին:
Արման Փաշիկյանի սաները չորս տուրից հետո վաստակել են 7 միավոր։ Երրորդ տուրի որոշ հանդիպումներ դեռ շարունակվում են։
Կանանց հավաքականը, որը երրորդ տուրում անսպասելի պարտվել էր էստոնացիներին, չորրորդ տուրում 4:0 հաշվով ջախջախել է Իռլանդիայի թիմին։ Առաջատարի` Էլինա Դանիելյանի բացակայության պայմաններում հաղթել են Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը: Նրանք չորս տուրից հետո վաստակել են 6 միավոր։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, կանանց հավաքականը` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը:
44-րդ շախմատային օլիմպիադան ընթանում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։ Շախմատի օլիմպիադայում Հայաստանը հաղթել է երեք անգամ՝ 2006, 2008, 2012 թվականներին: