Ռուսաստանի կենտրոնական բանկը երկարաձգել է քաղաքացիների՝ արտարժույթի ձեռքբերման սահմանափակումները մինչեւ 2023-ի մարտի 9-ը։ ՌԴ ԿԲ մամուլի ծառայությունից հայտնել են, որ արժութային հաշվից կամ ավանդից գումար կանխիկացնելու համար մինչեւ սեպտեմբերի 9-ը գործող 10 հազար դոլարի կամ դրան համարժեք եվրոյի սահմանաչափը կգործի մինչեւ 2023-ի մարտը։
Սահմանափակումների երկարաձգման անհրաժեշտությունը ԿԲ-ն մեկնաբանել է ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով, որոնք արգելում են ռուսական ֆինանսական հաստատություններին արեւմտյան երկրների կանխիկ արժույթ ձեռք բերել։
ՌԴ Կենտրոնական բանկը հիշեցրել է, որ հաշվից կարող է հանվել միայն այն արտարժույթը, որը մուտքագրվել է հաշվին կամ ավանդին մինչեւ 2022-ի մարտի 9-ը։ Մնացորդն առաջվա պես կարելի է ստանալ ռուբլով, կանխիկացման պահին գործող շուկայական փոխարժեքով:
Իրավաբանական անձանց դեպքում մինչեւ 2023-ի մարտի 9-ը երկարաձգվում են նաեւ գործուղման ծախսերի համար արժույթ ստանալու սահմանափակումները` ոչ ավելի, քան 5000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք եվրո, ֆունտ ստեռլինգ կամ ճապոնական իեն: Նշված պահանջներն այլ արժույթների վրա չեն տարածվում։