ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին գլխավորած պատվիրակության ինքնաթիռն օգոստոսի 2-ին վայրէջք է կատարել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Ինքնաթիռը մեկնել է Սինգապուրից, որտեղ Փելոսին նախօրեին հանդիպել է երկրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Լոուրենս Վոնի հետ:
Փելոսիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 31-ին մեկնել է Ասիա՝ Սինգապուր, Մալայզիա, Հարավային Կորեա եւ Ճապոնիա այցելելու նպատակով: Փելոսիի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ Թայվան ուղեւորությունը չի հիշատակվում: Սակայն որոշ զանգվածային լրատվամիջոցների տվյալներով, նա մտադիր է այցելել կղզի:
Ըստ Liberty Times պարբերականի՝ Փելոսիի ժամանումը Թայվան սպասվում է օգոստոսի 2-ին տեղական ժամանակով 22:20-ին (Երեւանի ժամանակով 18:20-ին):
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցը Թայվան վերջին 25 տարվա ընթացքում առաջինն է այդ աստիճանի ամերիկացի քաղաքական գործչի համար: Պեկինը Վաշինգտոնին բազմիցս նախազգուշացրել է, որ եթե Փելոսին այցելի կղզի, դա անհետեւանք չի մնա, Չինաստանը խիստ միջոցներ կձեռնարկի:
Ըստ ճապոնական Nikkei պարբերականի՝ կղզի՝ Նենսի Փելոսիի հնարավոր ժամանման առթիվ ԱՄՆ-ը Թայվանին ավելի մոտ է ուղարկել տարածաշրջանում տեղաբաշխված ինքնաթիռներն ու ավիակիրները: ԱՄՆ-ի զնվորականները Ներկայացուցիչների պալատի խոսնակի հնարավոր ժամանման համար դրանով ինքնատիպ «բուֆերային գոտի» կստեղծեն:
Տեղեկանք
Թայվանում սեփական վարչակազմը կառավարում է 1949-ից, երբ Չան Կայշիի գլխավորությամբ Գոմինդանի ուժերի մնացորդները փախան կղզի՝ պարտություն կրելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում: Այդ ժամանակվանից ի վեր պաշտոնական Թայփեյը պահպանում է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը եւ մինչեւ կոմունիստների իշանության գլուխ գալն այնտեղ գոյություն ունեցող այլ ատրիբուտներ:
Կղզու եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ գործնական եւ ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ականների վերջին։ 1990-ականների սկզբից կողմերը սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների՝ Թայվանի նեղուցով Հարաբերությունների զարգացման պեկինյան ասսոցիացիայի եւ Թայփեյի՝ Նեղուցով փոխանակումների հիմնադրամի միջոցով։
Պեկինի պաշտոնական դիրքորոշմամբ, որը պաշտպանում է պետությունների մեծ մասը, Թայվանը ՉԺՀ-ի նահանգներից մեկն է։