Ըստ Forbes պարբերականի՝ Շվեյցարիայում օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել մարիխուանան բժշկական նպատակով օգտագործելու օրենքը։ Այսպիսով` Շվեյցարիան միացել է եվրոպական այն երկրներին, որտեղ բժշկական նպատակով մարիխուանայի օգտագործումն օրինականացված է։
Շվեյցարիայի բնակիչներն այսուհետեւ կկարողանան կանեփ ձեռք բերել դեղատոմսով։ Նախքան այդ բժշկական մարիխուանա նշանակում էին միայն Հանրային առողջապահության դաշնային վարչության բացառիկ թույլտվությամբ:
Այսուհետ հնարավորություն կընձեռվի բժշկական մարիխուանան արտահանել նաեւ կոմերցիոն նպատակներով։ Դրա համար արտահանողները պետք է թույլտվություն ստանան Շվեյցարիայի դեղերի եւ բժշկական սարքավորումների կարգավորող մարմնից:
Չկա չարիք առանց բարիքի՞
Երկար տարիներ Շվեյցարիայում թմրանյութ պարունակող բույսի բժշկական օգտագործման համար պայքարած դեղագետ Ռուդոլֆ Բրենեյզենի համոզմամբ մարիխուանան ընդունակ է նվազեցնելու ցրված սկլերոզի հետեւանքով առաջացած մկանային կծկումները եւ թեթեւացնել էպիլեպսիայի նոպաները:
Ըստ դեղագետի՝ մարիխուանայի շնորհիվ հնարավոր է թեթեւացնել ցնցումները եւ հակազդել քրոնիկ հիվանդություններին, օրինակ` միգրենին:
Բացի դրանից՝ որոշ լաբորատոր հետազոտություններ վկայում են, որ կանեփը եւ մասնավորապես կանաբիդիոլը բավական նպաստավոր են քաղցկեղային բջիջների դեմ պայքարում:
Ավելի վաղ կանեփի բժշկական օգտագործումն օրինականացվել է մի շարք երկրներում՝ ներառյալ Իսրայելում, Դանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Պերուում, Զամբիայում եւ այլն։