ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Վերահաստատվել է հանձնառությունը համապարփակ եւ արդյունավետ կերպով կյանքի կոչելու դրանք, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերում:
Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը եւ հայրենադարձումը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ:
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նաեւ տարածաշրջանում տիրող անվտանգության իրավիճակը: Կողմերն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային օրակարգի այլ հարցերի: