Թուրքիայի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի, տրանսպորտի եւ առեւտրի նախարարների՝ Ուզբեկստանում տեղի ունեցած համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ձգտում է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման բանակցությունները հաջողությամբ ավարտվեն: Նա հավելել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների շուտափույթ բացումը բխում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերից։
«Աջակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցության, սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: Մենք էլ ենք հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով եւ Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում»,- շեշտել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: