ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 1–ին ԼՂ-ի ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմի խախտել է երեք անգամ։ Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով վիրավորվել է հայ զինծառայող։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը։ Կողմերի շփման գծում փոփոխություններ չեն թույլատրվել։
Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների եւ տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 22 պայթուցիկ սարք։ Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու պարկուճներից մաքրվել է 2441,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1939 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26 հազար 609 պայթուցիկ առարկա։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։
«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշել են նախարարությունից։