Երեքամյա Հասմիկի սիրելի զբաղմունքը իրենց շան հետ խաղալն է: Այնքան է վազում կենդանու հետեւից, մինչեւ երկուսն էլ ուժասպառ ընկնում են: Հասմիկը հինգ եղբայրների միակ քույրն է ու նրանց ուրախությունը: Բազմազավակ ընտանիքը մի քանի ամիս առաջ է Արտաշատից տեղափոխվել Վայոց ձորի Սալլի գյուղ՝ հորական տուն:
Մայրը՝ Մայրանուշ Հակոբյանը, Սալլիում դժվարությամբ է պատկերացնում երեխաների ապագան: Խնդիրները շատ են, հնարավորությունները՝ քիչ: Երեխաներից երկուսն առողջության խնդիրներ ունեն, լոգոպեդի, հոգեբանի հետ աշխատելու անհրաժեշտություն կա, բայց Սալլիում կամ մոտակա տարածքում մասնագետներ չկան:
Ավագ որդին այս տարի է ավարտել 9-րդ դասարանը: Հարեւան գյուղի դպրոցն է հաճախելու, Սալլիինը 9-ամյա է: Ուզում է ծրագրավորող դառնալ: Չգիտեն՝ ինչպես է շարունակելու կրթությունը:
Տասնամյա Էրիկը խուսափում է մեզնից, բայց ձեռքով ցույց է տալիս եղբայրներին, որ լուսանկարենք: Յոթամյա Մաքսն ու հնգամյա Մարկը թեեւ երկվորյակներ չեն, բայց իրարից անբաժան են: Մարկը լսողության խնդիրներ ունի: Արտաշատում առանց եղբոր բուժման կենտրոն չի հաճախել: Սալլիում մանկապարեզ կամ նախակրթարան չկա, երեխաների առօրյան մուլտֆիլմ դիտելով է անցնում: Մաքսն ուզում է դպրոց գնալ, լավ սովորել ու հրշեջ դառնալ, որ «մարդկանց օգնի»: Եղբայրների ամենամեծ երազանքը հեծանիվ ունենալն է, որ քշեն հարեւան Քարագլխի մանկապարտեզ:
Ընտանիքի հայրն ու պապը մեկնել են արտագնա աշխատանքի: Տատը՝ Հասմիկ Հայրապետյանը, չնայած առողջության խնդիրներին, փոքրիկ այգին է մշակում, բայց բերքը սպառելը դժվար է:
«Մեքենա չկա, որ մենք բերքը տեղափոխենք, վաճառենք: Որ գալիս, տեղում են առնում, էժան ենք տալիս, այլ տարբերակ չունենք»:
Ընտանիքի ամսական կայուն եկամուտը հաշմանդամություն ունեցող տատիկի թոշակն ու երեխաների նպաստն են՝ մոտ 100 հազար դրամ: Չգիտեն՝ դրանով սննդի՞, թե՞ երեխաների առողջության խնդիրների հարցերը լուծեն: «Հիմա էս երկու սենյակում 8 շունչ ենք ապրում, դրանով ո՞նց հասցնենք»,- ասում է Հասմիկ տատը:
Մայրանուշը քչախոս է. ինչ-որ բան ասելիս էլ «չգիտեմ» բառն է կրկնում. «Ես էս մտքերից, անորոշությունից խելագարվում եմ: Արտաշատում գոնե մանկապարեզ կար, երեխաներն ինչ-որ բանով զբաղվում էին, այստեղ ոչ մի պայման չկա»:
Մոր ու տատի երազանքները տարբեր են հնչում, բայց նույն բանի մասին են՝ երեխաներն առողջ լինեն ու լավ սովորեն: Հասմիկ տատն ուզում է, որ թոռները բարձրագույն կրթություն ստանան, ասում է՝ էլ իրեն բան պետք չէ:
Մայրը կարճ է պատասխանում. «Կուզեի՝ իմ երեխաներն էլ տեսնեին այն ամենը, ինչ իրենց հասակակիցներն են տեսնում»:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: