Արցախի նախագահի գրասենյակից հայտնել են, որ ադրբեջանական կողմը օգոստոսի 2-ին Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախ-Հայաստան երթեւեկությունը առաջիկայում նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ պահանջ է ներկայացրել։
Հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, որին մասնակցել են նաեւ Արցախի քաղաքական ուժերը։
Օրակարգային է եղել հենց Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի հարցը։ Ադրբեջանն այլընտրանքային ճանապարհն իր կողմում արդեն կառուցել է, հայկական կողմը շինարարությունը դեռ նոր պետք է սկսի։
Թե ինչպես է արձագանքել պաշտոնական Ստեփանակերտը ադրբեջանական կողմի այս պահանջին, չի հստակեցվել։ Չի նշվում նաեւ, թե Բաքուն ինչ ժամկետում է պահանջում Արցախ-Հայաստան երթեւեկությունը նոր երթուղի տեղափոխել։
Նիստում քննարկվել են այս իրավիճակում ձեռնարկվելիք քայլերը, ներառյալ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթեւեկության ապահովումը:
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է նաեւ շփման գծում ստեղծված իրավիճակը: Ըստ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի՝ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում դեռ պահպանվում է, մարդկային եւ դիրքային կորուստներ չկան:
ՀՀ վարչապետ Փաշինյանը հունիսի 27-ի առցանց ասուլիսի ժամանակ ասել էր, որ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի հատվածում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել։