ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության բարձրագույն եւ հետբուհական կրթության դեպարտամենտի պետ Լուսինե Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերում թափուր է մնացել շուրջ 16 հազար վճարովի եւ անվճար տեղ:
Ըստ Լուսինե Գրիգորյանի՝ ընդհանուր առմամբ միասնական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 887 դիմորդ, սակայն այն հանձնել են 11 հազար 587-ը։ Մրցութային երկու փուլերով տարբեր բուհեր ընդունվել է ընդհանուր առմամբ 9729 դիմորդ: Հայաստանյան բուհերն այս տարի տրամադրել են 22 հազար անվճար եւ վճարովի տեղեր։ Թափուր են մնացել նույնիսկ անվճար տեղերը. 1900 հասանելի տեղերից միայն 1670-ն է զբաղված։ Մասնավոր բուհերի տրամադրած 7500 տեղերից միայն 131-ն է զբաղված։
Պաշտոնյայի տվյալներով՝ նախորդ տարիների պես դիմորդների շրջանում առավել պահանջված են իրավագիտությունը, ստոմատոլոգիան, բուժական գործը, հանրային կառավարումը, միջազգային հարաբերությունները, կիրառական մաթեմատիկան: Ամենաքիչ պահանջարկն ունեն աշխարհագրության եւ քիմիայի ֆակուլտետները:
Լուսինե Գրիգորյանը հավելել է, որ մասնավորապես, Հայաստանի ազգային ագրարային համալսարան է ընդունվել ընդամենը 40 ուսանող։ Նա նշել է, որ մոտ 700-800 աշակերտ դրական գնահատականներ են ստացել, սակայն չեն կարողացել բավարար միավորներ հավաքել ընտրած մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար: Նրա կանխատեսմամբ՝ այդ դիմորդները, ամենայն հավանականությամբ, կրթություն կստանան հեռակա կարգով։ Հայաստանի բուհերում հեռակա համակարգում թափուր է 2300-3000 տեղ։