Արցախի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ ադրբեջանական ստորաբաժանումների կրակոցների հետեւանքով 2 պայմանագրային զինծառայող է մահացել։
Օգոստոսի 3-ին՝ 09։00-ից, ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ եւ հարվածային ԱԹՍ-ներ։
«Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը եւ Արթուր Յուրիի Խաչատրյանը։ Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է: