Մենք 20-րդ դարավերջին հերոսական տարիներ ենք ապրել։ Ունեցել ենք 1988-1991 թվականները, որոնք մեզ սովետական անտրտունջ, գլխահակ, իրավազուրկ մարդուց քաղաքացիների վերածեցին․ հանգեցինք անկախության մտքին, քվեարկեցինք անկախության օգտին, ապա մինչեւ 1994-ը, ծանրագույն զրկանքներ հաղթահարելով, քառամյա պատերազմի բեռը կրեցինք ու պատվով դուրս եկանք։
Թվում էր՝ 1988-1994 թվականները՝ այդ վեց տարիները, որ մեզ նոր միտք ու նոր որակ էին հաղորդել, ընդմիշտ պետք է փոխեին մեզ։ Իրենց հերոսականությամբ մեզ պետք է տարանջատեին մեր անցյալից։ Բայց որքան էլ վճռական էին այդ տարիները, մեզ, ցավոք, վերջնականապես փոխել չկարողացան։
Մենք չկարողացանք մեր այդ չափազանց ծանր, բայց նաեւ լուսավոր ու հերոսական տարիները դարձնել մեր անցյալի եւ մեր ներկայի միջեւ սահման։ Սահման, որը, թափանցիկ լինելով հանդերձ, չպետք է թույլ տար, որ մեր արատավոր անցյալն իր վարք ու բարքով մեր ներկա թափանցի, դառնա բեռ, կախվի մեր ոտքերից ու դեպի ապագա մեր ընթացքին խանգարի։
Չէր կարող նման սահմանի բացակայությունը ճակատագրական չլինել։ 1995-1996-ից մեր հետընթացն արդեն նկատելի էր։ Դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերադառնում էր մեր մերժված անցյալը։ 2000-ականներին այն արդեն ամրապնդվել ու տնօրինում էր մեր ներկան։ Պետությունն օտար էր կրկին։ Ձեւական էր ամբողջն ու շինծու՝ բաժակաճառային հայրենասիրություն, մեր կայունության ու հզորության մասին դատարկ զրույցներ, մշտապես կեղծվող ընտրություններ, սուտ, աչքակապություն, անարժանների, ստորաքարշների առաջխաղացում։
Հասունացել էր մի իրականություն, որը կրկին պետք է մերժվեր։ Դա տեղի էր ունենալու 2008-ին։ Ճիշտ է, 2008-ը նախագահական ընտրություններով էր պայմանավորված, բայց շատ արագ համաժողովրդական շարժման վերաճեց։ Ձեւավորվեց մի գեղեցիկ ու հզոր շարժում, որն ուներ թե՛ անցյալի լուրջ ու խոր վերլուծություն ու գնահատական, թե՛ ապագայի վերաբերյալ հստակ ձեակերպված ծրագիր։ Այն խոստանում էր բերել հեղափոխական փոփոխություններ եւ դառնալ անցյալը ներկայից բաժանող սահման։
Օրվա իշխանությունները գնդակահարեցին այդ շարժումը, որովհետեւ սահման դառնալով՝ այն առաջին հերթին հենց նրանց ներկա անցնելու մուտքն էր փակելու։
Տասը տարի անց՝ 2018-ին, պատմությունը մեզ նոր հնարավորություն ընձեռեց։ Կրկին հրապարակը լիքն էր, կրկին մերժելի անցյալն էր մերժվում, կրկին կար վստահություն, թե մեր արատավոր անցյալից մեզ բաժանող սահմանն ենք գծում։ Շարժումը հաջողությամբ ավարտվեց, սահմանը, սակայն, որքան էլ անսպասելի էր, չդրվեց։
Եթե 1990-ականների առաջին տարիներին անցյալն ու ներկան տարանջատող սահմանը չդնելը կարող է ինչ-ինչ բացատրություններ ունենալ, մի դեպքում մտածեցին երեւի, թե 1988-1991 թվականները լվացել են մեզ մեր անցյալից, ու լրացուցիչ սահմանի կարիք չկա այլեւս, մյուս դեպքում կարծեցին միամտորեն, թե կարելի է հաշտեցնել անցյալն ու ներկան, մեկ այլ դեպքում՝ ծանր ժամանակներ էին՝ պատերազմ, շրջափակում, օրվա խնդիր էր լուծվում, եւ ժամանակ չունեցան, իսկ 2008-ի շարժումն ուղղակի գնդակահարվեց, ապա 2018-ի շարժման առաջնորդներն, ինչպես շատ արագ պարզվեց, նման խնդիր ընդհանրապես չեն ունեցել։ Նրանք միայն մեկ խնդիր են ունեցել. օգտագործելով համաժողովրդական շարժումը՝ գալ իշխանության ու տեղավորվել հարմարավետ իշխանական հին համակարգում։
Այդ սահմանի բացակայության պատճառով մեր կյանքի բոլոր բնագավառներում անցյալն է տնօրեն։ 1990-ականների առաջին տարիները չհաշված՝ ապրել ու ապրում ենք պետականազուրկ համայնքին բնորոշ պատկերացումներով, երբ առաջնայինն աննյութական հայրենիքն է, իսկ պետությունը չկա։
Շարունակում ենք չկարեւորել պետությունը։ Հանուն մեր ցնորական երազանքների ու անիրականանալի ծրագրերի թեթեւորեն վտանգում ենք այն։ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում ենք ոչ թե որպես մեծ ու բազմազան աշխարհի մաս, այլ պաշարված ամրոց, որտեղ մեր պապերը, մենք ու մեր թոռները՝ յուրաքանչյուրս մեր հերթին կենաց ու մահու մեր բաժին պատերազմը պետք է տանք։
Այս մտածողությունը չէր կարող 30 տարի շարունակվող մեր պատերազմի վերջակետը դնել։ Եվ չէր կարող այս մտածողությունը չհանգեցնել մեր երեկվա պարտությանը, որն իր անպատկերացնելի ծանրությամբ իջել է մեր ուսերին, սեղմում է մեր կոկորդը եւ ազատ շնչել չի թողնում։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։