ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի Ադրբեջանի կոպտագույն խախտումները, ինչի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են Արցախի ՊԲ զինծառայողներ:
Նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ հակառակ հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հասնելու նպատակով իրականացվող քայլերին՝ Ադրբեջանը շարունակում է ԼՂ բնակչությանը ահաբեկելու, էթնիկ զտման ենթարկելու եւ սողացող բռնազավթման ծրագրված քաղաքականությունը:
ՀՀ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում ադրբեջանական կողմի հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, եւ վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։
«Հայաստանի Հանրապետությունը, եւս մեկ անգամ վերահաստատելով իր հավատարմությունը տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու օրակարգին, միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը եւ գործողությունները կասեցնելու եւ դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: