ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն իր թվիթերյան գրառման մեջ կոչ է արել Միացյալ Նահանգներին հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնելու Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ընդդեմ Արցախի բնակչության:
«Սա Ալիեւի՝ Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպառնալու վերջին օրինակն է: Կոչ եմ անում ԱՄՆ Պետդեպարտամենտին եւ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիեւի վտանգավոր գործողությունները»,- ընդգծել է ամերիկացի կոնգրեսականը:
Անհապաղ դադարեցնել աջակցության տրամադրումն Ադրբեջանին. Սփիեր
ԼՂ-ում ծավալված վերջին իրադարձություններին արձագանքել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի վերջին սադրիչ գործողությունները՝ կոնգրեսականը Միացյալ Նահանգներին հորդորել է անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին։
«Ալիեւը կդադարեցնի իր արյունալի դրոնային հարձակումներն Արցախի բնակչության դեմ միայն, երբ ԱՄՆ-ն առաջնորդություն եւ ուժ դրսեւորի։ Անհապաղ դադարեցրե՛ք ԱՄՆ-ի ամեն տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը չի վերադարձել բանակցային սեղան»,- շեշտել է Սփիերը։