Թայվանի շուրջը մարտական հրաձգությամբ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի լայնածավալ վարժանքները պաշտոնապես մեկնարկել են: Զորավարժությունները կտեւեն մինչեւ օգոստոսի 7-ը:
Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի առնվազն 10 նավ ռազմական վարժանքների ընթացքում ժամանակավորապես կտրել-անցել է Թայվանի նեղուցի այսպես կոչված կենտրոնական գիծը:
ՉԺՀ-ի ռազմաօդային ուժերի մի քանի ինքնաթիռներ որոշ ժամանակով նույնպես մտել են այդ գիծը, որը պայմանական բաժանարար գիծ է ծառայում նեղուցում, բաժանում է Թայվան կղզին եւ մայրցամաքային Չինաստանը:
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը նախօրեին հայտարարել է, որ Բեռլինի համար անընդունելի է, երբ խախտվում է միջազգային իրավունքը, եւ ավելի մեծ հարեւանը հարձակվում է փոքրի վրա․ դա վերաբերում է նաեւ Չինաստանին։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինն արձագանքել է՝ Բերբոքին նախազգուշացնելով Թայվանի վերաբերյալ չմտածված հայտարարությունների հետեւանքների մասին։
«Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությունները Թայվանի վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը։ «Մեկ Չինաստան» սկզբունքի խախտումը կարող է խաթարել Բեռլինի հետ երկկողմ հարաբերությունները։ Հույս ունենք՝ գերմանական կողմը Թայվանի հարցում անաչառ եւ ճիշտ դիրքորոշում կորդեգրի»,- հավելել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Խաղաղության եւ կայունության խախտողները
ՉԺՀ Պետխորհրդի Թայվանի գործերի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Թայվանում կառավարող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը դարձել են հակամարտության մեղավորներ:
«Անկախ այն բանից՝ ինչ խորամանկությունների են դիմում, ինչպես են չափազանցում, չեն կարողանա արդարացնել իրենց, քանի որ հենց իրենք են հակամարտություն ստեղծողները Թայվանի նեղուցի երկու եղբայրների միջեւ, Թայվանի նեղուցում խաղաղությունը եւ կայունությունը խախտողները»,- ընդգծել է Սյաոգուանը:
Կղզին Չինաստանի անբաժան մասն է. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Նենսի Փելոսիի այցը Թայվան, նշել է, որ այցն արտացոլում է ԱՄՆ-ի ձգտումը՝ բոլորին ապացուցելու իր անպատժելիությունն ու ամենաթողությունը։
Ավեի վաղ ՌԴ ԱԳՆ-ն Թայվան Փելոսիի կատարած այցը դիտարկել է որպես «ակնհայտ սադրանք»։ Մոսկվան Վաշինգտոնին կոչ է արել ձեռնպահ մնալու տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը խաթարող գործողություններից։
Ըստ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման՝ Թայվանի նեղուցում կողմերի միջեւ հարաբերությունները Չինաստանի ներքին գործն են, իսկ կղզին Չինաստանի անբաժան մասն է, ուստի Պեկինն իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
Անհանգստություն են հայտնել անկայունության կապակցությամբ
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անհանգստություն են հայտնել միջազգային եւ տարածաշրջանային անկայունության պատճառով:
«ԱՍԵԱՆ-ը բոլոր կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածության, սադրիչ գործողություններից հրաժարման եւ այն սկզբունքների պահպանման, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում եւ Հարավարեւելյան Ասիայի բարեկամության եւ համագործակցության պայմանագրում»,- նշված է հայտարարության մեջ:
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան հիմնվել է 1967-ին եւ ներկայում միավորում է 10 երկրներ՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ Ֆիլիպինները: