ԱՄՆ Սենատը վավերացրել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։ 100 սենատորներից 95-ը կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին այս երկրների անդամակցությանը, մեկը դեմ է քվեարկել։ Սենատի հաստատումը ստանալու համար պահանջվում էր նվազագույնը 67 ձայն: Քննարկման գործընթացը 1981-ից ի վեր եղել է ամենաարագը:
Ըստ ամերիկյան օրենսդրության՝ վավերացման ընթացակարգն իրականացնում է երկրի նախագահը, իսկ Սենատը տալիս է իր համաձայնությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը հուլիսին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին արձանագրություններն ուղարկել էր ԱՄՆ Սենատի հաստատմանը, ողջունել է Կոնգրեսի վերին պալատի քվեարկության արդյունքները եւ հայտարարել, որ կստորագրի դաշինքին երկու երկրների անդամակցության մասին փաստաթղթերը:
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերն արդեն վավերացրել են դաշինքի անդամ 30 երկրներից 23-ի խորհրդարանները։
Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել մայիսի 18-ին։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հունիսի 29-ին Ֆինլանդիային եւ Շվեդիային դաշինք հրավիրելու որոշում է ընդունել։ Դիմումների քննարկումն արգելափակել էր Թուրքիան, սակայն ավելի ուշ հանել էր առարկությունները։