Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, թե որն է Արցախում վերջին օրերի էսկալացիայի պատճառը: Ըստ նրա՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը միայն այդ էսկալացիայի պատրվակն է, իրական պատճառն այլ է: Բայց պատճառը չի նշում: Ավելին՝ հեռանում է պատճառից: Նա խոսում է Ղազախով Նախիջեւանի հետ Ադրբեջանին տրվելիք ցամաքային կապի մասին, որը ռիսկային է, ռիսկային է նույնիսկ Սիսիանով եւ Գորիսով տրվող ցամաքային կապը:
Ադրբեջանն ուզում է մի կապ, որի վրա ՀՀ-ն իշխանություն չի ունենա, ինչպես Լաչինի միջանցքի վրա մեծ հաշվով Ադրբեջանն իշխանություն չունի: Հայաստանը համաձայն չէ, որ իր տարածքով անցնող միջպետական ճանապարհի վրա ինքը իշխանություն չունենա, որովհետեւ այդ ճանապարհը ոչ թե Ադրբեջանին է զիջելու, այլ ռուսներին:
Ադրբեջանը չի էլ ուզում սեփական ճանապարհ, նա երաշխավորված ճանապարհ է ուզում: Այսօր դա ռուսները կարող են երաշխավորել, այսօր նրանք «մեկ մարմին, մեկ հոգի» են, իրար լավ են հասկանում, թեեւ գիտեն, որ գալու են վատ հասկանալու օրեր, ինչպես ցանկացած ամուսնության դեպքում:
Հարցն այն է՝ հանուն Ղարաբաղի զոհաբերության (որովհետեւ Ղարաբաղն արդեն զոհաբերվել է) Հայաստանը պատրա՞ստ է ընդդիմանալու ռուսներին, ունի՞ ընդդիմանալու ռեսուրս: Նիկոլ Փաշինյանին լսելով՝ ունի: Որովհետեւ ասում է, չէ՞, ռուսների խաղաղապահությունն արդեն հարցեր է առաջացնում: Այսինքն, եթե հարցեր է առաջացնում Ղարաբաղում, ինչո՞ւ չպետք է այստեղ առաջացնի:
Ու Փաշինյանն առաջարկում է «ավելի միջազգային խաղաղապահություն»:
Պետք է ուշադիր լինել. Ղարաբաղում ռուսներն իրենց գործը վատ չեն անում, պարզապես դա ոչ մի կապ չունի Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հետ: Ռուսներն ուզում են ավելին, քան Ղարաբաղում տեղակայվելն է, նրանք ուզում են, որ միջանցքը լինի Մեղրիով, եւ այդ հատվածի տեր ու տնօրենն իրենք լինեն:
Եթե նկատեցիք, Փաշինյանը Մեղրիի միջանցքի մասին կես բառ անգամ չի ասում: Ըստ իս՝ երկու պատճառ կա, ռուսների հետ «բազարը» շարունակվում է, երկրորդ՝ նույն «բազարը» շարունակվում է Արեւմուտքի հետ: Այսինքն՝ Մեղրիի միջանցքի մասով Փաշինյանը սեփական խոսք ասելու իրավունք ու հնարավորություն չունի: Այսինքն՝ Կառավարության այսօրվա ելույթը չի պատասխանում գլխավոր հարցին, սակայն ժողովուրդը, ՀՀ քաղաքացին մեծ հաշվով իմացավ, թե էսկալացիան ինչից է սրվել: Իսկ թե ովքեր են սրել, այս մասին խոսելու իրավունք դեռ չկա:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: