ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ:
«Մենք ուշադիր հետեւում ենք: Բնական է, անհանգստացած ենք իրադրության սրման առնչությամբ: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերելու զսպվածություն, իսկ ամենակարեւորը՝ կյանքի կոչելու բոլոր հայտնի եռակողմ փաստաթղթերի դրույթները»,- ասել է նա:
Պեսկովը հավելել է, որ ԼՂ-ում իրադրության սրման առնչությամբ ՌԴ նախագահ Պուտինի աշխատացանկում հեռախոսազրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ծրագրված չէ:
«Սակայն եթե կարիք լինի, ապա շատ օպերատիվ կերպով նման շփում կարող է լինել»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
ՌԴ նախագահի խոսնակը հայտնել է նաեւ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տարբեր մակարդակներում սերտ շփումների շնորհիվ կհստակեցվի ռուս խաղաղապահ ստորաբաժանումների գործունեությանն առնչվող Երեւանին հուզող հարցերը:
«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք համարվում են գլխավոր ելման կետը: Կարեւորը կյանքի կոչել բոլոր պարտավորությունները, որոնք այդ փաստաթղթերով կողմերը ստանձնել են: Եթե կան հարցեր, ապա, անկասկած, պետք է դրանց պատասխանել: Միեւնույն ժամանակ, հայկական կողմի հետ տարբեր մակարդակներում ունենք սերտ շփումներ, որոնք մեզ թույլ կտան հստակեցնել առկա հարցերը»,- ասել է Պեսկովը:
Հայաստանի վարչապետը օգոստոսի 4-ին հայտարարել էր, որ 2020-ի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի, հայ հանրության շրջանում ԼՂ-ում խաղաղապահ գործողության բովանդակության եւ էության վերաբերյալ հարցեր են առաջ բերում:
Նա անընդունելի է համարել ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական եւ ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը ֆիզիկապես եւ հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը:
«Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը: Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացը խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը ստորագրելուց, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, եւ մենք ակնկալում ենք, որ երկկողմ ձևաչափով ստորագրված այդ մանդատը կգործի իր ամբողջ ծավալով»,- ասել էր Փաշինյանը: