Վերջին երեսուն տարում առաջին անգամ Երեւանում տրոլեյբուսի նոր գիծ է անցկացվել։ Չարբախում երկարացվել է գործող երկրորդ երթուղին։ 1,1 կիլոմետր երկարությամբ գիծն անցկացվել է Երեւանի քաղաքապետարանի միջոցներով։
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ տրոլեյբուսները Երեւանում գործել են 1943 թվականի օգոստոսի 18-ից, սկզբում աշխատել է 4, հետո՝ 8 տրոլեյբուս:
«Երեւանում այժմ կա 51 տրոլեյբուս։ Օրական երթուղի է դուրս գալիս 35-ը՝ սպասարկելով 5 երթուղի՝ 1, 2, 9, 10, 15: Տրոլեյբուսների քանակը սկսել է նվազել 1992 թվականից: Մինչ այդ կար 26 երթուղի, օրական երթուղի էր դուրս գալիս շուրջ 220-ը, իսկ կայաններում տրոլեյբուսների թիվը հասնում էր 300-ի։ Տարիների ընթացքում երթուղի դուրս եկող տրոլեյբուսների թիվն աստիճանաբար նվազեց, քանի որ նոր խմբաքանակ չի գնվել»,- մանրամասնում է Հայկ Սարգսյանը։
Ուղեվարձից գոյացող գումարը չի ծածկում տրոլեյբուսների շահագործումից առաջացող ծախսերը, այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվում է սուբսիդիա: Տրոլեյբուսները գործում են Երեւանի Ավան, Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Քանաքեռ Զեյթուն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:
«2022 թվականի համար արդեն հայտարարվել է մրցույթ՝ 15 նոր տրոլեյբուս ձեռք բերելու նպատակով։ Առաջիկայում նոր տրոլեյբուսներ դուրս կգան երթուղի»,- ասում է Հայկ Սարգսյանը։
Գաղտնիք չէ, որ սովորաբար տրոլեյբուսների ուղեւորները մեծահասակներն են։ 73-ամյա տիկին Անահիտն ասում է՝ ուղեվարձն էժան է՝ 50 դրամ, բացի այդ՝ միշտ հնարավոր է ազատ նստարան գտնել։ Մեր զրույցի ընթացքում նա տեղեկացավ նոր տրոլեյբուսներ ձեռք բերելու մասին:
«Դա շատ ուրախալի լուր է։ Սովետի տարիներին տրոլեյբուսները շատ էին, մայրաքաղաքում գրեթե ամեն տեղ հնարավոր էր տրոլեյբուսով գնալ, տրամվայ էլ կար․ երկուսն էլ լավ փոխադրամիջոցներ են, էկոլոգիան էլ մաքուր է մնում։ Հետո գազելները բերեցին, որոնք ահավոր են․ հերիք չէ՝ մարդիկ տեղ չեն ունենում նստելու, նույնիսկ կանգնել չեն կարողանում։ Հիմա որ նոր տրոլեյբուսներ բերեն, ավելի լավ կլինի»,- ասում է տիկին Անահիտը։
Հատկապես թոշակառուների համար 50 դրամ խնայելն էլ կարեւոր է, ուստի մետրոյին կամ ավտոբուսներին 100 դրամ վճարելու փոխարեն նրանք նախընտրում են օգտվել տրոլեյբուսներից։
«Մեկ-մեկ ջահելների հետ խոսում եմ, ասում եմ՝ իրար գլխի եք լցվում, գազելով կամ ավտոբուսով գնում, լավ չէ՞, որ տրոլեյբուս նստեք, ասում են՝ դանդաղընթաց է։ Կարելի է տնից մի քիչ շուտ դուրս գալ, բացի այդ՝ ես ոչ մի տեղ չեմ շտապում»,- կեսկատակ-կեսլուրջ պատմում է տիկին Անահիտը եւ ավելացնում՝ երբ իր աչքով տեսնի, որ տրոլեյբուսները երթուղի են դուրս եկել, հաստատ «մի քաղցր մաղարիչ» է անելու «Ալիք Մեդիայի» թղթակցին այդ լավ լուրը հայտնելու համար։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։