Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշիուշով հետեւում է Հարավային Կովկասի իրադրության զարգացմանը։
Մակրոնը օգոստոսի 4-ին հեռախոսով զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ֆրանսիայի նախագահը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջանում գրանցված սրացումների կապակցությամբ: Նա հորդորել է ամեն ջանք գործադրել լարվածության սրացումից խուսափելու եւ բանակցությունների սեղանի շուրջը նստելու համար:
Մակրոնն ընդգծել է 2020-ի նոյեմբերի 9-ի` հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կարեւորությունը:
Ելիսեյան պալատից հայտնում են, որ Ֆրանսիան մշտապես սերտ կապ է պահպանում կողմերի եւ գործընկերների հետ՝ շարունակելով աջակցել ու իր ավանդը ներդնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանն ու տարածաշրջանի կայունության պահպանմանն ուղղված ջանքերում։