2012-ին կնքված պայմանագրով մինչեւ 2023-ը Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի 384 հազար 700 տոննա օգտակար հանածոյի հաշվեկշռային պաշարն (տարեկան 60 հազար տոննա) օգտագործման է տրված «Մեղրաձոր Գոլդ» ՍՊ ընկերությանը: 2020-ի հունվարի 1-ի դրությամբ հանքաքարի պաշարները հաշվարկվել են են 598 հազար 550 տոննա: Ուստի ընկերությունը մտադիր է եւս 17 տարի հանքաքար արդյունահանել:
Դեռ 2016-ին ընկերությունը ներկայացրել էր հանքի փակման նախնական ծրագիր: Ընդերքի մասին օրենսգրքով վերջնական ծրագիրը պարտավոր էր փորձաքննության ներկայացնել հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից երկու տարի առաջ՝ 2021 թվականին: Փակման ծրագիր ընկերությունը չի ներկայացրել, փոխարենը փորձաքննության է ներկայացրել նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվություն՝ հանքարդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու նպատակով:
ՇՄԱԳ հաշվետվությունում ընկերությունը ներկայացրել է, որ կիրականացնի անհրաժեշտ միջոցառումները. ստորգետնյա հանքում հանքային օդի փոշեզերծման միջոցառումներ, հակահրդեհային պաշտպանություն, անվտանգության միասնական եւ տեխնիկական շահագործման կանոններին համապատասխան միջոցառումներ եւ այլն: Հիշեցնենք, որ դեռեւս 2021-ին մեր իրականացրած հետաքննության ընթացքում պարզել էինք, որ ընկերությունը քանիցս խախտել է աշխատանքի առողջ եւ անվտանգ կատարման կանոնները:
Հանքաքարի շահագործումն անտառային հողերում համարել է ոչ նպատակահարմար
Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ փորձաքննական կենտրոնն, ուսումնասիրելով հայտը, պարզել է, որ նախատեսվող տարածքի 31,4 հեկտարն անտառային հողերում է: Անտառային կոմիտեն հանքաքարի շահագործումն անտառային հողերում համարել է ոչ նպատակահարմար: Կադաստրի կոմիտեի տեղեկացմամբ էլ 568,9 հա մակերեսով տարածքը Մեղրաձոր գյուղի շուրջ 4 տասնյակ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական եւ բնակավայրի նպատակային նշանակություն ունեցող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերական, ինչպես նաեւ պետական սեփականություն հանդիսացող անտառային հողեր են:
Մեղրաձորի ղեկավարի նստավայրում մայիսի 24-ին տեղի ունեցած հանրային քննարկմանը սեփականատերերից մեկը դեմ է արտահայտվել իր 40 հա հողատարածքում արդյունահանման աշխատանքների կատարմանը:
Հաշվի առնելով այս հանգամանքները, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, առողջապահության, արտակարգ իրավիճակների, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների ու Կոտայքի մարզպետարանի կարծիքները, հայտում առկա թերությունները՝ շրջակա միջավայրի նախարարությունը «Մեղրաձոր Գոլդ» ընկերության ներկայացրած օգտակար հանածոյի արդյունահանման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։