ԱՄՆ կոնգրեսական Ջեն Շակովսկին, Լորի Թրեհենը, Բրենդա Լոուրենսը եւ Ադամ Շիֆը խստորեն դատապարտել են Ադրբեջանին՝ Արցախի դեմ գործադրած բռնության համար:
Մասնավորապես ԱՄՆ կոնգրեսական Ջեն Շակովսկին պահանջել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Հայաստանի հետ հրադադարի մասին համաձայնագրի հերթական խախտման համար։ «Պետքարտուղարությանը կոչ եմ անում օգտագործելու դիվանագիտական բոլոր գործիքները՝ Արցախի վրա հարձակումների համար Ալիեւի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու եւ ապագա վայրագությունները կանխելու նպատակով»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է կոնգրեսականը։
ԱՄՆ կոնգրեսական Լորի Թրեհենը եւս դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի բռնությունը: «Ես լսել եմ Մասաչուսեթսի բազմաթիվ ամերիկահայերի արդար բողոքը Ադրբեջանի վերջին բռնությունների առնչությամբ, որոնք հանգեցրել են մարդկային կյանքերի ողբերգական եւ անտեղի կորստի: ԱՄՆ-ը եւ մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այդ բռնությունը եւ դիվանագիտական միջոցներով կանխեն լարվածության հետագա սրացումը»,- թվիթերյան գրառման մեջ նշել է Թրեհենը։
ԱՄՆ կոնգրեսական Բրենդա Լոուրենսը, վճռականորեն դատապարտելով Արցախի դեմ Լաչինի միջանցքի երկայնքով Ադրբեջանի ռազմական գործողությունները, Պետքարտուղարությանը կոչ է արել օգտագործելու ԱՄՆ տրամադրության տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ կանխելու այդ հարձակման նման հետագա վայրագությունները:
Եթե ԱՄՆ-ը անհապաղ միջոցներ չձեռնարկի, դա վերջինը չի լինի. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր հերթին Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
«Խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում զոհերի, այդ թվում՝ երկու հայ զինվորների մահվան մասին հաղորդագրություններով, ինչն Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հրադադարի ռեժիմի ուղղակի խախտման հետեւանք է: Սա հազիվ թե առաջին անգամն է, երբ Ադրբեջանը չհրահրված հարձակվում է գործում հայկական ուժերի վրա, եւ եթե ԱՄՆ-ը անհապաղ միջոցներ չձեռնարկի Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար, դա վերջինը չի լինի»,- նշված է հայտարարության մեջ։
Ադամ Շիֆը Պետքարտուղարությանը հորդորել է օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները՝ լարվածությունը նվազեցնելու եւ «հայկական ինքնիշխանությանը եւ Արցախի տարածքային ամբողջականությանը Ամերիկայի անսասան աջակցությունը ցույց տալու համար»։
ԱՄՆ կոնգրեսականն ընդգծել է, որ բազմիցս կոչ է արել անհապաղ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված խաղաղ բնակիչներին, տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնելու Արցախում մարդասիրական եւ տնտեսական օգնության համար, կասեցնելու Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ-ի պաշտպանական օգնությունը եւ վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբին ամերիկյան մասնակցությունը՝ խաղաղ գործընթացը վերականգելու համար։ Կոնգրեսականն ընդգծել է, որ միշտ լինելու է Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին։