Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Սոչիում անցկացրած հանդիպման ավարտին հաստատել են ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման ընդհանուր կամքը` հիմնված հարգանքի, փոխադարձ հետաքրքրությունների վրա եւ իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան:
Պայմանավորվածության համաձայն՝ մատակարարվող ռուսական գազի համար Թուրքիան կսկսի վճարել ռուբլով: Կողմերը պայմանավորվել են հավասարակշռության հիմքով մեծացնել երկկողմ առեւտրի ծավալը եւ հասնել դրված նպատակներին, տնտեսության ոլորտում ընդառաջ գնալ հակառակ կողմի սպասումներին, որոշակի քայլեր ձեռնարկել` նպատակ ունենալով ընդլայնելու համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, առեւտուրը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ֆինանսները, տուրիզմն ու շինարարությունը:
Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով` առաջնորդներն ընդգծել են ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ բաց եւ վստահելի, անկեղծ հարաբերությունների նշանակությունը` միջազգային եւ տարածաշրջանային կայունության հասնելու համար: Նրանք միասնական աջակցություն են հայտնել Սիրիայի եւ Լիբիայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը:
Ըստ թուրքական TRT Haber-ի՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը նրան կրկին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
«Ի սկզբանե ասել եմ, որ Ուկրաինայի պատերազմից շահող կողմ չի լինելու: Չնայած տեղում առկա դժվարություններին՝ ես նաեւ վստահորեն հավատում եմ, որ ճգնաժամը կարգավորվելու է բանակցությունների սեղանի շուրջը»,- ընդգծել է Էրդողանը:
Էրդողանը տեղեկացրել է, որ շարունակելու են զարգացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում՝ «հանուն տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության»: