Մեղրիում ռուս սահմանապահները հինգ մոդուլային հենակետ են տեղադրել եւ ստուգում են քաղաքացիներին: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Մեղրիի քաղաքապետը: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ ռուսներն այլեւս միջանցքի բովանդակության մասով հայերի հետ բանակցելու «զահլա» չունեն։ Արդեն իրենք են ասում, թե որտեղով պետք է անցնի միջանցքը:
Հայտնի է, որ բանակցությունների թեման միջանցքի էությունն է՝ վերգետնյա՞, այսինքն՝ էստակադայի տարբերակո՞վ, թե՞ ցամաքով: Ռուսներն ուզում են, որ ճանապարհն անցնի գետնի վրայով, հայերն ուզում են՝ այն լինի էստակադայով: Գետնի վրա, նշանակում է, որ Հայաստանը կորցնում է ինքնավար վերահսկողությունը Իրանից եկող բեռների նկատմամբ, որոնք Հայաստան մտնելու պահից Ռուսաստանը որեւէ վտանգի անվան տակ կարող է դիտարկել, ստուգել:
Սահմանին Ռուսաստանը մաքսային ստուգում իրականացնելու իրավունք չունի, բայց Հայաստան մտնելու պահին, պետք է ենթադրել, որ կունենա: Մինչդեռ Հայաստանը տեսականորեն կարող է Իրանի կամ Հյուսիս-Հարավ ճանապարհի որեւէ շահառուի (Հնդկաստան, ԵՄ, ԱՄՆ) հետ պայմանավորվել տեղափոխել խիստ գաղտնի նշանակության մի բեռ, որի մասին ռուսները չպետք է իմանան:
Էստակադայի դեպքում Հայաստանն ազատ է տնօրինելու եւ երաշխավորելու այդ բեռների գաղտնիությունը, քանի որ ամբողջությամբ պահպանվում է մեր ճանապարհների վրա մեր պետության ինքնիշխանությունը: Էստակադան տնօրինելու են միայն ադրբեջանցիները ռուսական խաղաղապահ ուժերի հսկողությամբ:
Հիմա Մեղրիում սահմանային հինգ մոդուլային հենակետ տեղադրելով ռուսները կարծես առաջ են ընկնում: Նրանք հասկացնում են, որ Հայաստանի հետ փոխըմբռնման հասնելու լիմիտը սպառված է:
Ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը (Փաշինյանը) ռուսների այս «էքսպանսիային» դիմակայելու համար։ Խնդիրն էլ հենց այն է, որ մենք չգիտենք՝ սրա գինը որն է, ինչու ռուսները սա արեցին Պուտին-Էրդողան Սոչիի հանդիպումից հետո: Ամենեւին բացառված չէ, որ այդ հինգ մոդուլային հենակետերի տեղադրումը համաձայնեցված է Հայաստանի իշխանությունների հետ, բայց գլխավոր հարցը մնում է բաց՝ ո՞րն է սրա գինը:
Բանն այն է, որ եթե Ռուսաստանը վերցնում է «իշխանությունը» Մեղրիի միջանցքի վրա, իսկ էստակադան դեռ չիրացված գնում է պատմության գիրկը, Հայաստանը կորցնում է Հյուսիս-Հարավը: Սակայն կա այն պահպանելու երկրորդ տարբերակը: Հյուսիս-Հարավի մեր բաժին գլխավոր հենակետ է դառնում Երասխը, որտեղ բեռները մտնում են Նախիջեւանով: Բայց այդ դեպքում մեծ հարց է, թե դա ինչքանով է ցանկալի ԵՄ-ի, Իրանի, ԱՄՆ-ի կամ Հնդկաստանի համար, որը Հյուսիս-Հարավի գլխավոր շահառուներից է:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: