Ռուսաստանի քաղաքացի Դավիթ Քոչունցն այս տարի որպես զբոսաշրջիկ է եկել Հայաստան եւ այցելել տեսարժան վայրեր։ Դավիթն ասում է՝ զբոսաշրջության համար գրավիչ են հատկապես Տավուշն ու Սյունիքը. բնությունն այս մարզերում պարզապես հեքիաթային է։
«Այդ մարզերում այցելելու տեղերը շատ են։ Տավուշում ու Սյունիքում շատ եկեղեցիներ, հնագույն կառույցներ, դամբարանադաշտեր կան։ Այս տարի առաջին անգամ եղա Գյումրիում եւ շատ տպավորված եմ։ Այնտեղ զբոսաշրջիկներին այնքան ջերմ են ընդունում, որ ակամա քեզ զգում ես սպասված եւ կարեւոր հյուր»,- պատմում է Դավիթը։
Նախորդ տարիներին էլ նա Հայաստանում լինելու առիթներ ունեցել է, բայց այս անգամ ավելի շատ ժամանակ ունի որպես զբոսաշրջիկ այցելելու Հայաստանի տարբեր վայրեր։ «Հայաստանն այնքան էլ թանկ երկիր չէ զբոսաշրջության համար»,- կարծում է Դավիթը։
Կարեն Զեյթուլեանը Լիբանանից է Հայաստան եկել։ Կարենն ասում է՝ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Նա երկրորդ անգամ է այստեղ, արդեն հասցրել է լինել Սարդարապատում, Էջմիածնում, Սեւանում։ «Հայաստանից չեմ ուզում վերադառնալ Լիբանան․ այդչափ սիրել եմ այս երկիրը։ Այստեղ մարդիկ ջերմ են, տեսարժան վայրերը գեղեցիկ են ու չկրկնվող։ Վարդավառն էլ այստեղ նշեցի՝ Հանրապետության հրապարակում։ Անմոռանալի օր էր։ Հայաստանից Լիբանան եմ վերադառնալու անգին հիշողություններ ամբարած»։
Նրա կարծիքով՝ ավիատոմսերը թանկ են, բացի այդ՝ Հայաստանում հյուրանոցների գները եւս մատչելի չեն, հիմնական խնդիրը սա է։ Զբոսաշրջիկը հյուրանոցում մնալու համար պետք է նախապես ահագին գումար խնայի։ Ըստ նրա՝ սպասարկման ոլորտը թեեւ կատարյալ չէ, բայց վատ չէ։
«Նախկինում զբոսաշրջիկներն առավելապես բողոքում էին տաքսու վարորդների անբարեխղճությունից, ասում էին՝ մի քանի կիլոմետրի համար ահագին գումար են ուզում։ Հիմա տաքսիների տարբեր հավելվածներ կան, այդ խնդիրը չկա արդեն»,- ասում է Կարենը։
Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար, մամուլի քարտուղար Լիլիթ Հակոբյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ Հայաստանում զբոսաշրջային աճ ապահովում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան։
«2017-ին Հայաստան է ժամանել 1.494.779, 2018-ին՝ 1.651.782, 2019-ին՝ 1.894.377, 2020-ին՝ 375.216, իսկ 2022-ի հունվարից հունիս ընկած ժամանահատվածում՝ 581.308 մարդ։ 2017-2022 թվականներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացի է»,- նշում է Լիլիթ Հակոբյանը։
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ 2020 թվականին անցկացրած հետազոտության տվյալներով Հայաստանում կա 847 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որից 480-ը Երեւանում է։ Հյուրանոցային այդ օբյեկտներից 684-ը լյուքս դասի է, որոնցից 402-ը մայրաքաղաքում է։ Մեր երկրում 847 հյուրանոցային տնտեսությունից միայն 40-ում են ապահովված անհրաժեշտ պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Մեր զրուցակիցներից Կարենը պատմում է՝ տարբեր երկրներում է եղել ու որպես զբոսաշրջիկ այցելել զանազան վայրեր։ Չմոլորվելու եւ արագ կողմնորոշվելու համար իրեն օգնել են տվյալ երկրներում զբոսաշրջիկների համար մշակված հեռախոսային հավելվածները։ Մեզ մոտ այդպիսի կա միայն Երեւանի տեսարժան վայրերի հավելված։ Երեւանի քաղաքապետարանը ստեղծել է Visit Yerevan հավելվածը Android եւ Apple համակարգերի համար։
Կարենն ասում է՝ լավ կլինի, որ Հայաստանում էլ մի այդպիսի հավելված ստեղծեն, քանի որ բոլորը չէ, որ պատրաստ են զբոսաշրջային գործակալություններին հավելյալ գումար վճարելու, իսկ հավելվածներն օգնում են ինքնուրույն կազմակերպելու տուրերը, դրանք «խորհրդատու» են զբոսաշրջիկի համար։
«Հյուրանոցների գներն էլ հնարավորության դեպքում կարելի է վերանայել։ Չգիտեմ՝ արդյո՞ք արդարացված են այդ թանկ գները։ Այլ երկրներում շատ ավելի մատչելի գնով ավելի լավ հյուրանոցային համարներ կարելի է ամրագրել։ Բացի այդ՝ ես գիտեմ՝ Հայաստանում շատ տեսարժան վայրեր կան, որոնք անտեսված են։ Մյուս երկրներում նման հնավայրերն ու բաց երկնքի տակ թանգարաններն աչքի լույսի պես են պահում, այսպես չեն անտեսում։ Կարծում եմ՝ Հայաստանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, պարզապես պետք է այն ճիշտ օգտագործել»,- եզրափակում է Կարենը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։