Վկա է Աստված․ երբ փետրվարին Ստեփանակերտը վարակվեց «Բռնագրավված տարածքների մասին» օրենք ընդունելու քաղաքական Covid-ով, ընդ որում՝ անպատճառ Շարժման հերթական տարելիցի օրը, զանգեցի արցախյան մի բարձրաստիճան պաշտոնյայի եւ բառացիորեն ասացի, որ «թուրքերը դնելու են Լաչինի միջանցքի փակման հարց», եւ խնդրեցի հնարավորն ու անհնարինը անել, որպեսզի Ազգային ժողովը ձեռնպահ մնա Երեւանի որոշակի շրջանակների երկնած այդ ծաղրածուությունը նույնիսկ պաշտոնական շրջանառման դնելուց։
Այլ դիմումներ էլ եմ արել, այդ թվում՝ խորհրդարանական երկու կուսակցության առաջնորդի։ Ապարդյուն։ Ինձ խորհրդապահական ձեւով ասացին, որ օրինագծի «հեղինակները» տղայական «քֆուր» են դրել․ «Ով դեմ քվեարկի, Նիկոլ է»։
Այս պատմությունը չէի հիշի, մանավանդ որ խնդրին ավելի հանգամանալի անդրադարձել եմ Aliqmedia-ի սյունակներից մեկում, եթե այսօր՝ օգոստոսի 4-ին, պատահաբար չհանդիպեի արցախցի մի նախկին պաշտոնյայի՝ թշնամու վերջին մի քանի օրերին ձեռնարկած ագրեսիվ գործողությունների թեմայով գրառմանը։ Չի կարելի Պիղատոսի նման լվանալ ձեռքերը եւ խուսափել պատերազմում ու անցած մոտ երկու տարում զոհվածների արյան պատասխանատվությունից։
Դա առաջին հերթին հակասում է մարդկային բարոյականությանը․ եթե դու պատասխանատու ես թեկուզ հարյուր քսան հազար մարդու անվտանգության եւ տարրական ապահովության համար կամ ինչ-որ ժամանակ պատասխանատու ես եղել եւ չես կատարել քո առաջին պարտքը՝ երաշխավորել նրանց կյանքը, պետք է քաջություն ունենաս եւ խոստովանես, որ թերացել ես։ Իսկ եթե աղետալի պատերազմից հետո շարունակել ես, թող բառի համար ներվի, բամբառակել, որ թշնամու վերահսկողությանն անցած տարածքները մի օր «միեւնույնն է, վերադարձվելու են», ուրեմն իրավունք չունես էքզիստենցիալ դրության պատասխանատվությունը բարդելու ուրիշների ուսերին կամ գլուխներին։
Որովհետեւ «խեղդվողի փրկությունը միայն իր գործն է»։ Եվ եթե այս տարրական ճշմարտությունը չգիտես կամ տեսք ես ընդունում, թե դա բոլորովին էլ քեզ չի վերաբերում, եւ շարունակում ես ապավինել Արցախի Մարտունի եւ ԱՄՆ Գլենդեյլ «քույր քաղաքների» մամռակալած առասպելին, նշանակում է հանրության, հարյուր քսան հազար մարդու հետ որեւէ ձեւով հաղորդակցվելու, բայց հատկապես ուսուցողական ոճ դրսեւորելու իրավունք չունես։
Հանրության հետ հրապարակային շփում պետք է միայն ադեկվատ մարդիկ ունենան։ Որպեսզի չստացվի այնպես, ինչպես քառասունչորսօրյա պատերազմում։ Ահա գրում եմ եւ կարկամում․ իսկ Քրիստոսի խաչելության պատասխանատուն ավելի շատ Հռոմի կուսակալ Պիղատո՞սն է, թե՞ ամբոխը։ Բայց սրանից էլ մյուս հարցն է ծնվում՝ իսկ ո՞վ էր ամբոխացրել մարդկանց, որ ազատություն շնորհեցին ավազակին, իսկ Հիսուսին պահանջեցին խաչել։
Ո՞վ ամբոխացրեց Արցախի հանրությանը, ե՞րբ, ինչպե՞ս։ Ինչո՞ւ չտեսանք, չհասկացանք, չկանխեցինք։ Չգիտեմ։ Բայց անցածը չպետք է կրկնվի։ Օգոստոսի 4-ին Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները Հայտարարություն են տարածել։ Խեղճություն եւ անզորություն։ Պիղատոսաբար ձեռքները լվանում են ոչ միայն անցյալի, այլ նաեւ ապագայի համար պատասխանատվությունից։ Իսկ ո՞ւմ է պետք նման իշխանությունը։ Պիղատոսը Հռոմի կուսակալ էր, օկուպացիոն ռեժիմի կառավարիչ։ Իսկ Արցախի իշխանությո՞ւնը․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։