ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիեւը փաստացի «պատանդ է վերցրել» ամբողջ Եվրոպան՝ գնդակոծելով Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը։
Նա նշել է, որ Մոսկվան պարբերաբար Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկություն է ներկայացնում տեղում իրավիճակի մասին: Ըստ ռուս դիվանագետի՝ ՌԴ-ն հուսադրող է համարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունները՝ ի պաշտպանություն Զապորոժիեի ԱԷԿ-ի իրադրության կայունացման եւ կայանի հասանելիությունն ապահովելու համար:
ԱԷԿ-ի գնդակոծումը աղետալի կարող է լինել. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել է, որ ուկրաինական կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունները պոտենցիալ վտանգ ներկայացնող գործողություններ են, որոնք աղետալի հետեւանքներ կարող են ունենալ։
Կրեմլում հույս ունեն, որ Կիեւի վրա ազդեցություն ունեցող երկրները կօգտագործեն այն՝ ապագայում նման հարվածները բացառելու համար։
Ավելի վաղ Զապորոժիեի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտարարել էր՝ մարզի իշխանությունները պնդում են, որ ԱԷԿ ժամանեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եւ ՄԱԿ-ի պատվիրակությունները։ Նպատակը ԱԷԿ-ի զննումն է, վիճակի ուսումնասիրությունն ու գնդակոծությունների արձանագրումը։
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները շուտով ատոմակայան կայցելեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունում հուսով են՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները շուտով մուտքի իրավունք կստանան եւ Զապորոժիեի ատոմակայան կայցելեն: Նա ծիծաղելի է համարել այն կարծիքը, թե ՄԱԿ-ը դեմ է եղել, որ ՄԱԳԱՏԷ-ն այցելի Զապորոժիե։ Դյուժարիկը հավելել է, որ Անտոնիու Գուտերեշը սերտորեն աշխատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ եւ աջակցել նրանց, ինչպես կարողացել է։
Ուկրաինայի նախագահ Վադիմիր Զելենսկին իր հերթին Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծությունների համար մեղադրել էր Ռուսաստանին:
ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովում է ՌԴ ԶՈՒ-ն
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ուկրաինական զորքերը օգոստոսի 5-ին եւ 7-ին հրետանային հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մտահոգություն է հայտնել ատոմակայանին հասցված հարվածների վերաբերյալ։
Էներգաբլոկների թվով եւ սահմանված հզորությամբ Եվրոպայի ամենամեծ ԱԷԿ-ը Դնեպրի ձախ ափին է՝ Էներգոդար քաղաքի հարեւանությամբ։ Կայանում վեց ВВЭР-1000 էներգաբլոկ է տեղադրված, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 1 գիգավատտ է։ 1984-1987 թվականներին շահագործման են հանձնվել առաջին չորս էներգաբլոկները, 1989-ին` հինգերորդը, 1990-ին գործարկմանն ամբողջությամբ պատրաստ վեցերորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1996-ին։
ԱԷԿ-ի անվտանգությունը մարտից ապահովում են ՌԴ զինվորականները։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ դա նպատակահարմար է միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից։