Շիրակցի գերիների ծնողներն ու հարազատները, որոնք դեռ օգոստոսի 8-ից կառավարության առջեւ էին՝ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման պահանջով, գիշերն անցկացրել են այնտեղ։
Գերիների հարազատները պահանջում են, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի եւ հայրենիք վերադարձնի Ադրբեջանում պահվող գերիներին։
Բողոքի ցույցի մասնակիցների պահանջը նախօրեին լսել է կառավարության ներկայացուցիչը, սակայն նրանց որեւէ մեկը չի ընդունել։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ գերիներից մեկի հարազատը հայտնել է, որ որոշել են դադարեցնել բողոքի ցույցը։ Նա ասել է, որ վերադառնում են Գյումրի, քանի որ իրենց այդպես էլ որեւէ պաշտոնյա չի ընդունել։
«Դեռ չգիտենք՝ ինչ ենք անելու հետագայում»,– նշել է տղամարդը։
Շիրակցի զինծառայողները գերեվարվել են 2020-ի դեկտեմբերի 16-ին՝ եռակողմ հայտարարությունից հետո, Խծաբերդում։ Նրանց մի մասն արդեն հայրենիք է վերադարձել։
Գերիների ծնողները քանիցս բողոքի ցույցեր են արել տարբեր գերատեսչությունների մոտ` պահանջելով, որ իրենց երեխաներին վերադարձնեն հայրենիք։ Պաշտոնական տվյալներով` առնվազն 40 զինծառայող դեռեւս գերության մեջ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով գերիների թիվը շատ ավելի է։