Ռուսաստանը ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվելու անարդյունավետ գործողություններից եւ շարունակելու համագործակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի շրջանակում ստուգումներն անհապաղ վերսկսելու համար։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հիշեցրել է, որ Մոսկվան Վաշինգտոնի գործողությունների պատճառով որոշել է ժամանակավորապես դադարեցնել ռուսական օբյեկտներում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի շրջանակում իրականացվող տեսչական ստուգումները։
Ըստ փոխարտգործնախարարի` դա բխում է երկու կողմերի շահերից։
Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը ստորագրվել է Պրահայում 2010-ի ապրիլի 8-ին։ Այն փոխարինել էր Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին 1991-ի պայմանագրին։
2021-ի փետրվարի 3-ին Մոսկվան եւ Վաշինգտոնը ներքին ընթացակարգերն ավարտելու վերաբերյալ նոտաներ են փոխանակել։ Դրանք անհրաժեշտ էին, որ պայմանագիրը 5 տարով երկարաձգելու մասին համաձայնագիրը մտներ ուժի մեջ։