ԷկոԼուրն ահազանգել է, որ խորհրդային տարիներին էկոլոգիական բարձր ռիսկերի պատճառով մերժված Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի արդյունահանման հարցը կրկին մտցվել է օրակարգ: Նեֆելինային սիենիտը ալյումինի հումք է, որից կարելի է ստանալ նաեւ ցեմենտ։
Մասնավորապես, «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն մտադիր է վերագնահատել Կոտայքի մարզի զբոսաշրջային Ծաղկաձոր համայնքի տարածքում գտնվող Թեժասարի հանքավայրի Թեժագետ նեֆելինային սիենիտների տեղամասի պաշարները: Արդյունքներով հաստատված պաշարների հիման վրա կկազմվի նախագիծ Թեժագետի տեղամասի նեֆելինային սիենիտների արդյունահանման համար:
Երկրաբանահետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2022-2025 թվականներին: Հայտի հանրային երկրորդ քննարկումը նշանակված է օգոստոսի 11-ին` ժամը 12-ին, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:
Դեռ 2012-ին Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրը մտադիր էր շահագործել «Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը, ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց տեղի բնակչության եւ հասարակության շրջանում: Այդ ժամանակ ԷկոԼուրը հրապարակել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի հարցազրույցից մի հատված (Деловой экспресс, 2005, N 21), որտեղ նա նշել էր, որ խորհրդային տարիներին Թեժասարի նախագիծը մերժվել է բարձր ռիսկերի եւ անկատար տեխնոլոգիաների պատճառով:
Թափոններից կաղտոտվեր ոչ միայն մթնոլորտը, այլեւ ջուրը
Ֆադեյ Սարգսյանը հարցազրույցում նշել էր, որ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մանվել Մանվելյանի առաջարկով 20-րդ դարի 60-70-ականներին Հրազդան քաղաքում կառուցվել է լեռնաքիմիական կոմբինատ նեֆելինային սիենիտների վերամշակման եւ փակ ցիկլով առաջնային ալյումինի ստացման համար:
Հակառակ այն հանգամանքի, որ այդ ժամանակ ծրագրի համար արդեն իսկ ծախսվել էր ավելի քան 117 միլիոն ռուբլի, ծրագիրը կյանքի չի կոչվել։ Մասնագետներն ապացուցել էին, որ եթե կոմբինատը սկսի գործել, 15-20 կմ շառավղով ամբողջ բուսականությունը կոչնչանա: Թափոններից ռիսկի կենթարկվեր ոչ միայն մթնոլորտը, այլեւ ջուրը: Ընդ որում կոմբինատը կառուցվել էր մի վայրում, որտեղ ամեն տարի հանգստանում էր 50 հազար երեխա:
Ըստ ակադեմիկոս Մանվելյանի՝ կոմբինատի թափոնները անհրաժեշտ կլիներ թաղել թափոնների պատիճային եղանակով, ինչպես արվում է միջուկայինների դեպքում՝ դրանից բխող անդառնալի հետեւանքներով: