Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 25-26-ը Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդում կքննարկվի գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հարցը։
Նիստի օրակարգում ընդգրկված են ինտեգրացիոն միավորման գազի ընդհանուր շուկայի ձեւավորման, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման, ալկոհոլային շուկայի կարգավորման, Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման հարցերը։
Համաժողովի շրջանակում տեղի կունենան մի շարք երկկողմ եւ բազմակողմ բարձր մակարդակի հանդիպումներ։
Նիստին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների, դիտորդ պետությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, ինչպես նաեւ հրավիրված երկրների կառավարությունների ղեկավարները:
Միջկառավարական խորհրդի շրջանակում տեղի կունենա նաեւ ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի առաջին երիտասարդական համաժողովը։