Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ օգոստոսի 10-ին ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը իր ընկերությունները միավորող Trump Organisation-ի դեմ հարուցված վարչական վարույթի շրջանակում կհարցաքննվի Նյու Յորքի դատախազությունում։
Թրամփն իր իսկ ստեղծած TruthSocial սոցիալական ցանցի օգտահաշվում իրավապահների հետաքրքությունը «քաղաքական հետապնդում» է որակել։
Նյու Յորքի դատախազ Լետիցիա Ջեյմսը վարչական վարույթ է նախաձեռնել՝ պնդելով, որ Թրամփի ընկերությունները որոշ դեպքերում արհեստականորեն ուռճացրել են իրենց պատկանող անշարժ գույքի արժեքը՝ բանկերից ցածր տոկոսադրույքներով վարկեր ստանալու համար։ Ըստ Նյու Յորքի դատախազության՝ որոշ դեպքերում էլ Թրամփի ընկերությունների անշարժ գույքի արժեքը նվազեցվել է՝ այս անգամ հավելյալ հարկերից խուսափելու նպատակով։
Վարչական հետաքննության շրջանակում հարցաքննվելու են նաեւ նախկին նախագահի զավակները՝ Դոնալդ-կրտսերը եւ Իվանկան։
Այս ամենը քաղաքական հետապնդում է․ Թրամփ
Նախօրեին Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկել է Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող առանձնատունը։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` խուզարկությունը կատարվել է Թրամփի դեմ հարուցված երկու քրեական գործերից մեկի շրջանակում։ Այս մի գործը հարուցվել էր Միացյալ Նահանգների Ազգային արխիվի ղեկավարության դիմումի հիման վրա այն բանից հետո, երբ նախկին նախագահի առանձնատանը Թրամփի պաշտոնավարման տարիներին վերաբերող 15 արկղ փաստաթուղթ էր հայտնաբերվել։
Բանն այն է, որ ըստ ամերիկյան օրենսդրության` Սպիտակ տունը լքելուց հետո Թրամփը դրանք պարտավոր էր վերադարձնել պատկան մարմինններին։
Ինքը` նախկին նախագահը, սակայն, համոզված է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի Մար-ա-Լարգոյում կատարած խուզարկության դրդապատճառները ոչ թե իրավական են, այլ զուտ քաղաքական։
«Միացյալ Նահանգների որեւէ նախագահի հետ նման բան երբեք չի եղել։ Այս ամենը քաղաքական հետապնդում է»,- պնդել է ԱՄՆ 45-րդ նախագահը։
Թրամփի պնդմամբ իրավական գործողությունների հետեւում կանգնած են ծայրահեղ ձախակողմյան դեմոկրատները, որոնք չեն ցանկանում, որ ինքն առաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում։